Սեպտեմբերի 7-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Հայէկոնոմբանկը հոբելյանական միջոցառմամբ ամփոփեց իր 35-ամյա գործունեությունը՝ վերհաստատելով իր հանձնառությունը՝ ակտիվորեն խթանել Հայաստանի կայուն տնտեսական զարգացումը և լինել հուսալի ֆինանսական գործընկեր իր հաճախորդների, բաժնետերերի և գործընկերների համար:
Երեկոյին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվաչապետ Մհեր Գրիգորյանը, կառավարության, օրենսդիր մարմնի, ՀՀ Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի միության ղեկավարներ, ֆինանսական ոլորտի գործընկերներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բանկի երկարամյա աշխատակիցներ, բաժնետերեր և հավատարիմ հաճախորդներ։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Քայլ առ քայլ» տեսաֆիլմը, որը պատմում է Հայէկոնոմբանկի հիմնադրման և կայացման ճանապարհի մասին: Ներկայացվեցին Բանկի հիմնական ձեռքբերումներն ու նվաճումները՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության հարուստ փորձը, բարձր մասնագիտական որակավորում ունեցող թիմի առկայությունը, կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորումը ու բանկային շուկայում զբաղեցրած դիրքերը: Որպես կարևոր ձեռքբերում՝ ընդգծվեց Բանկի համբավն ու այն վստահությունը, որ հաճախորդներն ու գործընկերները տածում են Բանկի նկատմամբ:
35 տարիների ընթացքում Հայէկոնոմբանկի գրանցած արդյունքները տպավորիչ են.
- Վարկային պորտֆելի աճ. եթե 1995թ. Բանկի վարկային պորտֆելը կազմում էր շուրջ 3.3 մլրդ դրամ, ապա 2025 թվականի արդյունքներով այն կազմել է 401․2 մլրդ դրամ:
- Ակտիվների և պարտավորությունների աճ. նույն ժամանակահատվածում Բանկի պարտավորություններն ու ակտիվներն աճել են մոտ 60 անգամ՝ համապատասխանաբար կազմելով 515,6 մլրդ և 4 մլրդ դրամ։
- Հաճախորդների անվերապահ վստահություն. Բանկի ծառայություններից օգտվող հաճախորդների քանակը հատել է 475,000-ի սահմանը։
- Բաժնետերերի լայն բազա. լինելով բաց բաժնետիրական ընկերություն՝ Հայէկոնոմբանկն այսօր համախմբում է ավելի քան 7,400 բաժնետերերի, և այդ թիվը շարունակաբար աճում է։
- Ուժեղ և ընդլայնվող թիմ. Բանկի պրոֆեսիոնալ թիմն այսօր միավորում է ավելի քան 1,000 աշխատակիցների:
Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն իր ելույթում նշեց, որ Բանկն անցել է բարդ փուլերով՝ ապացուցելով իր կենսունակությունը, ճկունությունն ու անսասան հավատարմությունը սեփական արժեքներին.
«Հայէկոնոմբանկի ճանապարհը սերտորեն կապված է Հայաստանի ֆինանսական համակարգի կայացման ու զարգացման պատմության հետ։ Մեր որդեգրած ռազմավարության հիմքում եղել են թափանցիկ գործելաոճը և պետության հանդեպ պատասխանատվությունը:
35 տարի շարունակ մեր նպատակն է եղել ստեղծել բանկ, որը կլինի ոչ միայն ֆինանսական կայունության խորհրդանիշ, այլև ազգային տնտեսության աճի և վստահության հուսալի հենասյուն։
Եվ այս համատեքստում հպարտ եմ արձանագրել, որ մեր անմիջական ավանդն ենք ունեցել երկրի տնտեսական կայունության ապահովման գործում՝ տարեցտարի հաստատելով մեր դիրքերը՝ որպես խոշոր և օրինակելի հարկատու։
Արդեն 35 տարի Հայէկոնոմբանկն իր ուրույն տեղն ունի Հայաստանի բանկային համակարգում: Բանկի հաջողությունը չի չափվում միայն ֆինանսական ցուցանիշներով. այն չափվում է այն ազդեցությամբ, որը Բանկն ունենում է երկրի տնտեսական միջավայրում, և այն պատասխանատվությամբ, որը ձևավորվում է տասնամյակների ազնիվ աշխատանքով»։
Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը, շնորհակալություն հայտնելով Բանկի հաճախորդներին և գործընկերներին 35-ամյա ճանապարհը Հայէկոնոմբանկի հետ կիսելու համար, նշեց.
«35 տարին պարզապես ժամանակահատված չէ։ Դա հազարավոր մարդկանց հետ անցած ճանապարհ է՝ կարևոր որոշումներ, հաղթահարված մարտահրավերներ և բազմաթիվ ձեռքբերումներ:
Մեր հաճախորդներից շատերը մեզ հետ են տասնամյակներ շարունակ. յուրաքանչյուր ձեռքբերված տուն, ընդլայնված բիզնես, ստեղծված աշխատատեղ կամ կրթություն ստացած ուսանող մեր համատեղ հաջողությունն է:
Մենք շնորհակալ ենք այս պարտավորեցնող վստահության համար և հպարտ ենք, որ մեր գործունեությամբ կարողացել ենք նպաստել նաև ձեռնարկատիրության առաջընթացին և ներդրումային միջավայրի ակտիվացմանը»։
Հոբելյանական երեկոն ուղեկցվում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ հայկական մոտիվներով համեմված կատարումներով և հանրահայտ ջազ երգչուհի Նինո Կատամաձեի ելույթով։
Միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ ընդգծելով ֆինանսաբանկային համակարգի կարևոր դերակատարումը երկրի տնտեսական կայունության ապահովման գործում։
Տեսաբացիկների միջոցով իրենց շնորհավորական ուղերձները հղեցին Բանկի միջազգային գործընկերները՝ շնորհակալություն հայտնելով երկարամյա վստահելի համագործակցության համար:
Միջոցառումն ամփոփվեց Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած «Կամերտոն» մանկական վոկալ ստուդիայի և Empyray խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի տպավորիչ կատարմամբ, որի ընթացքում հնչեց Հայէկոնոմբանկի հիմնը՝ նոր և ժամանակակից գործիքավորմամբ:
Վստահորեն քայլելով դեպի ապագա՝ Հայէկոնոմբանկի հանձնառությունն ու առաքելությունը մնում են անփոփոխ՝ լինել Հայաստանի կայուն տնտեսական զարգացումը խթանող հուսալի ֆինանսական կառույց և վստահելի գործընկեր իր հաճախորդների և բաժնետերերի համար:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




























