ArmLur.am-ը այս անգամ ուսումնասիրել է Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար, ավագանու անդամ Գևորգ Փարսյանի ունեցվածք։
Կապան համայնքի ղեկավարի պաշտոնը նա ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 27-ին, իսկ ավագանու անդամի պաշտոնը՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ին։ Հայտարարագիրը ներկայացվել է 2026 թվականի մայիսի 6-ին։
Հայտարարագրի համաձայն՝ Փարսյանը 2025 թվականի սկզբին և տարեվերջին ունեցել է բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան, որը գտնվում է Սյունիքի մարզի Կապան համայնքում։ Բնակարանը համատեղ սեփականության իրավունքով է, ձեռք է բերվել 2018 թվականի սեպտեմբերի 19-ին՝ «այլ» եղանակով։ Տարվա ընթացքում նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ անշարժ գույք չի օտարել։
Տրանսպորտային միջոցների մասով պատկերը փոփոխվել է։ 2025 թվականի սկզբին Գևորգ Փարսյանի հայտարարագրում առկա է եղել 2005 թվականի արտադրության LEXUS մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը նա ձեռք էր բերել 2020 թվականի հունիսի 16-ին՝ գնման եղանակով։ Սակայն 2025 թվականի հուլիսի 3-ին ավտոմեքենան վաճառվել է 8 մլն դրամով՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ին։ Տարվա վերջում նրա անունով տրանսպորտային միջոց չի եղել։
Բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբում կազմել է 708 հազար 420 դրամ, իսկ տարեվերջին՝ 140 հազար 611 դրամ։ Միաժամանակ տարվա սկզբին Գևորգ Փարսյանը հայտարարագրել է 5 մլն դրամ կանխիկ գումար, իսկ տարեվերջին կանխիկ դրամական միջոցները կազմել են արդեն 8 մլն դրամ։
2025 թվականին Գևորգ Փարսյանի ստացած եկամուտը կազմել է 4 մլն 926 հազար 551 դրամ։ Ամբողջ գումարը եղել է աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ՝ Կապանի համայնքապետարանի աշխատակազմից։
Միաժամանակ հայտարարագրում նշված է, որ 2025 թվականին հանգստի համար ճանապարհածախսի և կեցության ծախսերի գծով կատարվել է 5 մլն 589 հազար դրամի ծախս։
Սոնա Գրիգորյան
























































































