Armenian text to speach

Թրամփը խոստանում է՝ հանրապետականների հաղթանակի դեպքում յուրաքանչյուր չափահաս ամերիկացի կստանա 5 հազար դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը վերահսկողություն հաստատի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի նկատմամբ, յուրաքանչյուր չափահաս ամերիկացի կստանա 5 հազար դոլարի վճարում։

Թրամփն այդ մասին հայտարարել է Դալասում՝ Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ՝ առաջարկը անվանելով «Թրամփի դիվիդենդներ»։ Նրա խոսքով՝ գումարը պետք է ծախսվի ԱՄՆ տարածքում։ Միաժամանակ նախագահը չի մանրամասնել, թե ինչպես է իրականացվելու ծրագիրը և որտեղից են հատկացվելու անհրաժեշտ միջոցները։

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում կա շուրջ 270 միլիոն չափահաս քաղաքացի։ Հետևաբար, յուրաքանչյուրին 5 հազար դոլար տրամադրելու ծրագիրը պետական բյուջեի համար կարող է արժենալ մոտ 1.3 տրիլիոն դոլար։

Թրամփի հայտարարությունը արդեն քննադատության է արժանացել։ Դեմոկրատները այն որակել են որպես «դատարկ խոստում», իսկ որոշ մասնագետներ հարցեր են բարձրացրել ծրագրի իրավական հնարավորության վերաբերյալ։ ԱՄՆ-ում Կոնգրեսն է հաստատում պետական ծախսերը, իսկ Թրամփը չի հստակեցրել՝ արդյոք նախատեսում է Կոնգրեսից ստանալ նման վճարումների հաստատումը։

Միաժամանակ իրավական հարց է առաջացել, քանի որ դաշնային օրենքներն արգելում են քվեարկության վրա ազդելու նպատակով վճարումներ կատարելը։ Սակայն որոշ իրավաբաններ կարծում են, որ Թրամփի առաջարկը կարող է դիտարկվել որպես հարկերի կրճատման խոստում, ինչը թույլատրելի է։

Թրամփը նախկինում ևս հանդես է եկել քաղաքացիներին ուղղակի վճարումներ տրամադրելու առաջարկով։ Մասնավորապես, նա առաջարկել էր 2 հազար դոլարի չեկեր, որոնք պետք է ֆինանսավորվեին մաքսատուրքերից ստացված եկամուտներով։

Անի Վարդանյան




Լրահոս