Armenian text to speach

Առուշ Առուշանյանը ՔՊ-ի ցուցակը կգլխավորի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները իշխանության համար հատկապես կարևոր նշանակություն են ունենալու Սյունիքի մարզում։
Հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրություններ են անցկացվելու Սյունիքի Գորիս, Կապան և Մեղրի համայնքներում։ Ընտրական ցուցակների գրանցման գործընթացը նախատեսված է սեպտեմբերի 20-25-ը։
Մեր տեղեկություններով՝ իշխանական թիմում Սյունիքի ընտրություններին առանձնահատուկ ուշադրություն են դարձնում։

ՔՊ-ի համար այստեղ խնդիրը պարզապես հերթական համայնքային ընտրությունը չէ․ իշխանությունը ցանկանում է հնարավորինս վերահսկելի ու կանխատեսելի արդյունք ապահովել՝ հատկապես Գորիսում։

Եվ հենց այստեղ է ամենաուշագրավ զարգացումը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսում ՔՊ-ն պատրաստվում է համագործակցել գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ։ Քննարկվող տարբերակի համաձայն՝ ձևավորվելու է միասնական քաղաքական թիմ կամ դաշինք, որի ցուցակը գլխավորելու է Առուշանյանը։ Սա, ըստ էության, քաղաքական ուշագրավ շրջադարձ է։

Դեռ 2021 թվականին Գորիսում Առուշանյանի գլխավորած ուժը մրցում էր հենց ՔՊ-ի դեմ և հաղթել էր իշխանական թեկնածուին։ 2021-ի ընտրություններում Առուշ Առուշանյանի դաշինքը ստացել էր 6250 ձայն, իսկ ՔՊ-ի թեկնածու Վլադիմիր Աբունցը՝ 3590։

Այսօր, սակայն, քաղաքական պատկերը փոխվել է։ Նախկին մրցակիցները կարող են հայտնվել նույն ընտրական ճամբարում։

ՔՊ-ի համար Առուշանյանի հետ հնարավոր պայմանավորվածությունը, ըստ էության, փորձ է Գորիսում ունենալ այնպիսի թեկնածու, որն ունի տեղային քաղաքական կշիռ և ընտրազանգված, մինչդեռ Առուշանյանի համար իշխանական թիմի հետ համագործակցությունը կարող է նշանակել՝ պահպանել իր քաղաքական դիրքերը նոր խոշորացված համայնքում։
Մեղրիի ուղղությամբ իրավիճակն ավելի մշուշոտ է։

Մեր տեղեկություններով՝ այստեղ ՔՊ-ի թեկնածուի հարցը դեռ քննարկման փուլում է, և իշխանությունը վերջնական որոշում չունի։
Իսկ ինչ վերաբերվում է Կապանին, ապա այնտեղ ՔՊ-ն պատրաստվում է առաջադրել ՔՊ-ական Նարեկ Բաբայանին:

Նարեկ Բաբայանը Սյունիքի ՔՊ-ի հին կադրերից է, Կապանում արդեն ունեցել է համայնքապետի թեկնածուի փորձ, եղել է մարզպետի տեղակալ և կապված է եղել ԶՊՄԿ-ի կառավարման համակարգի հետ:
2022-ին նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամ։ Այդ շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվում էր նրա ազդեցությունը կոմբինատի շուրջ գործընթացների վրա։ Բաբայանը, սակայն, հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ի գործառնական կառավարմանը չի մասնակցում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս