ArmLur.am-ի տեղեկություններով՝ վաղը՝ սեպտեմբերի 14-ին, մեկնարկող Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում կրկին քննարկման է դրվելու ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը։
Այս հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար «Ուժեղ Հայաստանը» արդեն երրորդ անգամ է թեկնածու առաջադրում։ Եթե առաջին անգամ խմբակցությունը ներկայացրել էր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը, ապա երկրորդ փորձով առաջադրվել էր Իրինա Յոլյանը։ Երկու թեկնածուներն էլ ՔՊ-ի աջակցությունը չեն ստացել և չեն ընտրվել։ Ըստ ՔՊ-ակաների առաջադրված ՔՊ-ականները «անցնում» են քրեական վարույթներով, ինչի համար նրանց չեն ընտրել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը երրորդ փորձն է կատարելու՝ առաջադրելով Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունն արդեն ներկայացվել է ԱԺ-ում, և առաջիկա լիագումար նիստում պատգամավորները պետք է քննարկեն հարցը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Մխիթարյանը 2025 թվականի հոկտեմբերին կալանավորվել էր: Ըստ պաշտոնական տեղեկատվության` Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ, այդ թվում՝ մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, որոնք տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել:
19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը), 10 անձի նկատմամբ՝ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելը): Այսինքն ստացվում է, որ Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունն արդեն իսկ մերժելի է ՔՊ-ի համար, քանի որ Ղազինյանին և Յոլյանին այդ պատճառաբանությամբ մերժել են:
Հիշեցնենք՝ ըստ Դոնթի բանաձևի՝ նոր խորհրդարանում 12 մշտական հանձնաժողովներից երեքի նախագահությունը պետք է բաժին հասնի «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։ Այդ տրամաբանությամբ խմբակցությունն արդեն ստացել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահությունը, իսկ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ ընտրվել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հարություն Հարությունյանը։ Տարածքային կառավարման հանձնաժողովը, սակայն, շարունակում է մնալ առանց ընդդիմադիր նախագահի։
Ուշագրավ է, որ ArmLur.am-ը բազմիցս գրել է՝ իշխանությունը չի շտապում այս հանձնաժողովի ղեկավարումը փոխանցել «Ուժեղ Հայաստանին»։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում այս հանձնաժողովը դիտարկվում է որպես ՔՊ-ական Վահե Ղալումյանի «հանձնաժողովը», քանի որ վերջինս քավոր սանիկական հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ:
Ու ամեն բան արվում է, որ այդ հանձնաժողովի «ղեկավարը» մնա Ղալումյանը:
Սոնա Գրիգորյան




























