ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ռուսական ազգային փոքրամասնությամբ բնակեցված Լերմոնտովո համայնքում սեպտեմբերի 27-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ՝ մեծամասնական ընտրակարգով։ Այս պահին համայնքի ղեկավարն է Էդիկ Չախալյանը, որը պաշտոնավարում է դեռևս 1997 թվականից։
Չախալյանը երկար տարիներ ղեկավարել է Լերմոնտովո համայնքը, իսկ 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրվել է արդեն խոշորացված Լերմոնտովո համայնքի ղեկավար։
Այս պահին տարբեր աղբյուրներում Չախալյանը նշվում է որպես անկուսակցական, սակայն համացանցում կարելի է գտնել նաև 2012 թվականի հրապարակումներ, որոնցում նա ներկայացվում է որպես ՀՀԿ-ի կուսակցական կողմնորոշում ունեցող անձ։
2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Չախալյանի հիմնական մրցակիցը Ռաֆիկ Խառատյանն էր, որն այդ ժամանակ Անտառաշեն համայնքի ղեկավարն էր։ Ընտրություններից առաջ Ինֆոքոմ-ին տված հարցազրույցում Խառատյանը հայտարարել էր, որ որոշել է հանել իր թեկնածությունը՝ նշելով, որ առողջական վիճակը թույլ չի տա ղ»կավարել ավելի մեծ համայնք։
Չախալյանն այն ժամանակ նաև նշել էր, որ բոլոր մոլոկանները չէ, որ մասնակցում էին ընտրություններին՝ ելնելով իրենց կրոնական համոզմունքներից։ Միևնույն ժամանակ, համայնքի մոլոկանների հոգևոր առաջնորդը, ըստ Չախալյանի, ասել էր, որ համայնքի բնակիչները ցանկանում են, որպեսզի կրկին հենց նա ընտրվի համայնքի ղեկավար։
2021 թվականի ընտրությունների ժամանակ Չախալյանի գլխավոր խոստումներից մեկը Անտառաշենում լուսավորության հարցի լուծումն էր։ Խոսքը մի բնակավայրի մասին էր, որը նախատեսվում էր ներառել Լերմոնտովո խոշորացված համայնքի կազմում և որը տարիներ շարունակ տարբեր խնդիրների պատճառով հայտնվում էր մամուլի ուշադրության կենտրոնում՝ երբեմն բնորոշվելով անգամ որպես «ոչինչ չունեցող Անտառաշեն»։
Չախալյանը նախընտրական շրջանում խոստանում էր նաև Լերմոնտովոյի մանկապարտեզի տանիքին արևային պանելներ տեղադրել, ինչպես նաև ձեռք բերել միկրոավտոբուս, որպեսզի Անտառաշենի երեխաները կարողանան հասնել դպրոց և մանկապարտեզ։
Սակայն նույն հարցազրույցում նա ընդունել էր, որ համայնքի բյուջեն բավարար չէ բոլոր խնդիրները լուծելու համար, և առաջնահերթություններից մեկը լուսավորության հարցն է։
Այժմ՝ նոր ընտրությունների նախաշեմին, արդեն հնարավոր է գնահատել, թե որքանով են իրականություն դարձել 2021 թվականին տրված խոստումները և ինչ խնդիրներով է համայնքը մտնում հերթական ընտրական փուլ։
Աննա Հանյան




























