Էրեբունու աղմկահարույց կրակոցների գործով, որի հետևանքով 20-ամյա երիտասարդ սպանվեց, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը պաշտոնից ազատվեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից։ ՀՀ ՆԳ նախարարի հրամանով Պավել Օրդյանը նշանակվեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ։ Սակայն, ինչպես նկատում ենք, նախկինում սկանդալների մեջ հայտնված եւ թոշակի գնացած պաշտոնյաները վերադառնում են համակարգ:
Պավել Օրդյանը հանրությանն առավել հայտնի է դարձել օպերատիվ խմբի ղեկավարի կարգավիճակով: 2014 թվականին նրա անունը ակտիվորեն շրջանառվել էր հատկապես 2014 թվականին տեղի ունեցած մի աղմկահարույց միջադեպի ժամանակ։ Այդ ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեկ Ենիգոմշյանի պաշտպանները հայտարարել էին, որ ոստիկանությունը վերջինիս անօգնական վիճակում թողել է փողոցում։ Բանն այն է, որ 2014 թվականին Նախախորհրդարանի քարտուղարության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ <՝ ժամը 19:45 սահմաններում, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Նրանք Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին:
Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան:
Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից>: Իսկ ահա Ոստիկանությունը պնդել էր, որ Ենիգոմշյանին օպերատիվ խմբի ղեկավար Պավել Օրդյանը դուրս էր բերել փողոցի բանուկ հատվածից, իր օգնությունն առաջարկել ու փորձել նրան տաքսի ավտոմեքենայով ճանապարհել:
Ավելին, դեռեւս 2008 թվականին հայտնի էր դարձել , որ Պավել Օրդյանը հայհոյել էր ցուցարարներին , որոնք դուրս էին եկել փողոց: Եվ ահա ցուցարարին հայհոյած, կույր մարդուն մեքենայից կոպտորեն քաշքշելով դուրս հանած, նախկին ոստիկանը այսօր նոր պաշտոն է ստացել նշանակվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















