Armenian text to speach

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Անի Մխիթարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am շարունակում է ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել դատավորների ունեցվածքները ։

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, որը դատավորի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի ապրիլի 9-ին։

Դատավորի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Մխիթարյանն ունի 4 միավոր անշարժ գույք։ Դրանցից մեկը Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան է, որի սեփականության բաժինը կազմում է 1/4-ի 1/3-ը, իսկ մյուս երկուսը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող ոչ բնակելի տարածք և բնակարան են։ Չորրորդ գույքը Գյումրիում գտնվող անհատական բնակելի տուն է։

2025 թվականին Անի Մխիթարյանը հայտարարագրել է ընդհանուր 23.7 մլն դրամ եկամուտ, որից 17.2 մլն դրամը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից, 2.1 մլն դրամը՝ եկամտային հարկի վերադարձից, 1.2 մլն դրամը՝ գույքի վաճառքից, իսկ մնացած մասը կազմել են վարկերը և այլ աշխատանքային եկամուտները։

Դատավորը 2025 թվականի ընթացքում վաճառել է 2008 թվականի Nissan ավտոմեքենան՝ 1.2 մլն դրամով։ Տարվա վերջում նրա սեփականության ներքո մնացել է 2016 թվականի Nissan ավտոմեքենան։

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, տարվա վերջում բանկային հաշիվներում Անի Մխիթարյանն ունեցել է ընդհանուր մոտ 1.1 մլն դրամ և 8.36 դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 13.5 մլն դրամ և 77 հազար դոլար։

Դատավորի հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 29.6 մլն դրամ։ Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 4 մլն դրամ։

Այսպիսով, դատավորի հայտարարագրում առկա է 4 միավոր անշարժ գույք, տարվա վերջում՝ մեկ ավտոմեքենա, շուրջ 23.7 մլն դրամ եկամուտ, ինչպես նաև 13.5 մլն դրամ և 77 հազար դոլար կանխիկ միջոցներ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս