Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրին։
«Այսօր կարևոր օր էր Հայաստանի ինժեներական կրթության և արդյունաբերության ապագայի համար։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջև ստորագրեցինք ինստիտուցիոնալ համագործակցության հուշագիր։
Սա պարզապես համագործակցության փաստաթուղթ չէ։ Սա նոր, երկարաժամկետ և ռազմավարական գործընկերության հիմքն է, որի նպատակն է միավորել կրթության, գիտության և արդյունաբերության ներուժը՝ Հայաստանի տեխնոլոգիական ու մարդկային կապիտալի զարգացման համար։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է վերակառուցել և արդիականացնել ՀԱՊՀ-ի պատմական թիվ 1 մասնաշենքը՝ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի շենքը, ստեղծել ժամանակակից լաբորատորիաներ, զարգացնել կրթական ծրագրերը, ընդլայնել ուսանողների գործնական պատրաստվածությունը, իրականացնել կիրառական հետազոտություններ և աջակցել երիտասարդ մասնագետների զարգացմանը։
Այս ամենի հիմքում մեր ուսանողն է՝ ապագա ինժեները, գիտնականը և տեխնոլոգիական մասնագետը։
Շնորհակալ եմ ԶՊՄԿ-ի և ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի գործընկերներին՝ վստահության, համագործակցության պատրաստակամության և Հայաստանի կրթական ու մասնագիտական ապագայի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։
Վստահ եմ՝ այս գործընկերությունը կդառնա կրթություն–գիտություն–արդյունաբերություն կապի ամրապնդման և Հայաստանի ինժեներական ներուժի զարգացման կարևոր հենասյուն։
Այսօր մենք ստորագրեցինք ոչ միայն հուշագիր, այլև միասին ստանձնեցինք Հայաստանի ինժեներական կրթության, գիտության և արդյունաբերության ապագան կերտելու պատասխանատվությունը»։






















