ArmLur.am-ը «Անձնագրային զեկույցներ»-ի նոր տվյալներից տեղեկացավ, որ 2026 թվականի սեպտեմբերին հայկական անձնագիրը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 114-րդ տեղը՝ 79 շարժունակության միավորով և 39.9 տոկոս համաշխարհային հասանելիությամբ։
Ուշագրավ է, որ վերջին երկու տարում Հայաստանի անձնագրի ցուցանիշը նվազել է․ 2024 թվականին այն ունեցել է 84 շարժունակության միավոր և զբաղեցրել 107-րդ տեղը, 2025-ին՝ 81 միավոր և կրկին 107-րդ տեղը, իսկ 2026-ին ցուցանիշը նվազել է մինչև 79, իսկ վարկանիշում դիրքը՝ 114-րդ տեղ։
Հայկական անձնագրով այժմ 33 ուղղություն հասանելի է առանց վիզայի, 42-ը՝ ժամանման վիզայով կամ պարզեցված մուտքի պայմաններով, 4-ը՝ eTA-ով, մինչդեռ 119 ուղղության համար նախապես վիզա է անհրաժեշտ։
Տարածաշրջանների կտրվածքով ամենաբարձր հասանելիությունը գրանցվում է Կենտրոնական Ասիայում՝ 80 տոկոս։ Ասիայի ընդհանուր ցուցանիշը 55.1 տոկոս է, Կարիբյան ավազանինը՝ 56.3 տոկոս, Մերձավոր Արևելքինը՝ 52.9 տոկոս, իսկ Եվրոպայում հայկական անձնագրի հասանելիությունը կազմում է ընդամենը 14.9 տոկոս։
Միևնույն ժամանակ, Հայաստանի համար մուտքի պատկերը հակառակն է․ օտարերկրյա անձնագրերով Հայաստան մուտքի հեշտությամբ երկիրը 199 երկրների շարքում զբաղեցնում է 53-րդ տեղը։
«Անձնագրային զեկույցներ»-ի տվյալները ցույց են տալիս նաև վիզային պայմանների տարբերությունը մի շարք երկրների հետ։ Օրինակ՝ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի քաղաքացիների համար Հայաստան մուտքը հասանելի է առանց վիզայի կամ պարզեցված պայմաններով, մինչդեռ հայկական անձնագրով այդ երկրներ մեկնելու համար վիզա է պահանջվում։
Աղբյուր՝ «Անձնագրային զեկույցներ»։
Սոնա Գրիգորյան


















































































