ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր լայն փաթեթը, որը ներառում է նաև ռուսական նավթ և գազ գնող երկրների նկատմամբ մինչև 100% մաքսատուրքեր սահմանելու հնարավորություն։
«Եվրոնյուզի» փոխանցմամբ՝ օրինագիծը Ներկայացուցիչների պալատում ընդունվել է 262 կողմ, 159 դեմ ձայներով։ Ավելի վաղ այն հավանության էր արժանացել նաև Սենատում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է ստորագրել այն։
Պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի էներգետիկ և պաշտպանական ոլորտներին, նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա շրջապատի պաշտոնյաներին, ինչպես նաև ռուսական նավթ տեղափոխող «ստվերային նավատորմին»։
Օրինագծի առավել կարևոր դրույթներից մեկը Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ հնարավոր 100% մաքսատուրքերն են, եթե նրանք շարունակեն մեծ ծավալներով ռուսական նավթ և գազ գնել։
Հնդկաստանը, սակայն, հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել իր քաղաքականությունը և շարունակելու է ռուսական նավթի գնումները՝ հաշվի առնելով շուկայի զարգացումները։
Ուկրաինայի իշխանությունները ողջունել են օրինագծի ընդունումը՝ այն դիտարկելով որպես Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու քայլ։
Անի Վարդանյան




























