Armenian text to speach

Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար․ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ղարաբաղում Ադրբեջանի տարած հաղթանակը տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողության հիմք է դրել և պայմաններ ստեղծել «Զանգեզուրի միջանցքի» իրականացման համար։

Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին Ալիևը նշել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հինգերորդ նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

Ալիևի խոսքով՝ վեց տարի առաջ Ադրբեջանի արձանագրած հաղթանակը Ղարաբաղում, որը նա անվանել է «ընդհանուր հպարտության աղբյուր», հիմք է դրել տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողության ձևավորման համար։

«Միևնույն ժամանակ, այս հաղթանակը հիմք ստեղծեց Զանգեզուրի միջանցքի իրականացման համար՝ պատմական երթուղի, որը տնտեսական, լոգիստիկ և ռազմավարական առումներով կապում է մեր երկրները»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներին՝ Ադրբեջանի կողմից «օկուպացիայից ազատագրված» տարածքների վերակառուցման և վերականգնման գործընթացին աջակցելու համար։

Ալիևը նշել է, որ այդ նախաձեռնությունները Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունվում են «խոր հարգանքով և երախտագիտությամբ»։

Անի Վարդանյան




Լրահոս