Վրաստանը Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ընդգծելով, որ նման քայլը, իր բնորոշմամբ, «անհեթեթ և սխալ» կլիներ։
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը գործում է գործող պատժամիջոցների ռեժիմին լիովին համապատասխան։
«Վրաստանը միշտ հաշվի է առնում տարբեր երկրների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ռեժիմները։ Երբ կոնկրետ կառույցներ և պետություններ նման պատժամիջոցներ են սահմանում, մենք նույնպես համապատասխան որոշում ենք ընդունում»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) պատժամիջոցների ցանկում ներառել էր իրանական 27 ավիաընկերություն։ Դրանց թվում են նաև Իրանի և Վրաստանի միջև չվերթներ իրականացնող ավիափոխադրողներ։
Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունից հայտարարել էին, որ Թբիլիսին գործելու է գործող պատժամիջոցների ռեժիմին լիովին համապատասխան։
Անի Վարդանյան




























