Armenian text to speach

Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Գերմանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Վիսբադեն։ ՀՀ վարչապետի N 920-Ա որոշմամբ հաստատվել է Գերմանիա մեկնող կառավարական պատվիրակության կազմը, ինչպես նաև սահմանվել են գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորման աղբյուրները։

Որոշման համաձայն՝ Փաշինյանի՝ Գերմանիայում գտնվելու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պարտականությունների կատարումը դրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա։

Կառավարական պատվիրակության կազմում ընդգրկվել են Նիկոլ Փաշինյանը, Մելանյա Հարությունյանը, Կարեն Գասպարյանը, Արմեն Խաչատրյանը, Ալեքսանդր Աբրահամյանը, Արման Շահինյանը, Տիգրան Մեհրաբյանը, Գևորգ Գալստյանը, Խաչատուր Ադումյանը, Արարատ Միրզոյանը և Գագիկ Վանոյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Որոշմամբ սահմանվել է, որ Նիկոլ Փաշինյանի, Մելանյա Հարությունյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի ծախսերը, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։

Նույն անձանց և Խաչատուր Ադումյանի գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալության հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին։

Արարատ Միրզոյանի գործուղման ծախսերը կատարվելու են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջոցների հաշվին, իսկ Գագիկ Վանոյանինը՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին։

Միաժամանակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է կազմակերպել սեպտեմբերի 18-ի Երևան– Ֆրանկֆուրտ–Երևան երթուղով չվերթը։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին հանձնարարվել է աջակցել վարչապետի աշխատակազմին նշված չվերթի կազմակերպման հարցում։

Չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը նույնպես կատարվելու են ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։

Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնեք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:

Անի Վարդանյան




Լրահոս