Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակակոռուպցիոնը Հայկ Սարգսյանի հայտարարության հետքերով գործընթաց է սկսել․ ո՞ւմ, ի՞նչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց հարցազրույցին և դրանում հնչեցված հայտարարություններին, հայտնել էր, որ դրանց առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հավելելով, որ «ինչ-որ մեկը պետք է նստի այս գործով»։

ArmLur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե կոնկրետ ինչ վարույթի մասին էր խոսում վարչապետը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունների հիմքով քրեական վարույթը նախաձեռնվել է Հակակոռուպցիոն կոմիտեում՝ այս տարվա սեպտեմբերի 11-ին։ Այն նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Խոսքը պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մասին է, երբ արարքի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Այս արարքի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում՝ 5-ից 10 տարի ժամկետով։

Այսպիսով, Հայկ Սարգսյանի հրապարակային հայտարարությունները ոչ միայն ներքաղաքական աղմուկ են բարձրացրել իշխող ուժում, այլև տեղափոխվել են քրեաիրավական հարթություն․ դրանցում ներկայացված հանգամանքներն այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի առարկա են։

Ուշագրավ է, որ զուգահեռ գործընթաց է ընթանում նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։

ՔՊ վարչությունը երեկ քննարկել է նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագծի հարցը, սակայն առայժմ որևէ վերջնական որոշում չի կայացվել։

Իշխող խմբակցության մեր աղբյուրները նշում են, որ քննարկումների արդյունքում չի բացառվում նաև Հայկ Սարգսյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու տարբերակը։

Ստացվում է՝ մի կողմից՝ Հայկ Սարգսյանի հրապարակած տեղեկությունների հիմքով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, մյուս կողմից՝ հենց Սարգսյանի վարքագիծն է դարձել ՔՊ վարչության քննարկման առարկա։

Իսկ թե ով է չարաշահել իր դիրքը, ում դեմ է հարուցված վարույթը, դեռ չեն գաղտնազերծում․ Ալեն Սիմոնյանի՞, Հայկ Ղալումյանի՞, Հակոբ Սիմիդյանի՞, թե՞ հայտարարությունների հեղինակ Հայկ Սարգսյանի։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս