Armenian text to speach

Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նոր միջազգային ձևաչափի՝ «Կարպատյան ութնյակի» (C8) ստեղծման մասին։

Զելենսկին հայտնել է, որ նախաձեռնությունը միավորում է Ուկրաինային և նրա եվրոպական հարևաններին՝ Ռումինիային, Սերբիային, Լեհաստանին, Սլովակիային, Չեխիային, Ավստրիային և Հունգարիային, ինչպես նաև Եվրամիությունն ամբողջությամբ։ Այս մասին նա գրել է իր Telegram-ի ալիքում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ սեպտեմբերի 18-ին Ուկրաինայում՝ Կարպատների շրջանում, անցկացվում է գագաթնաժողով, որին մասնակցում են Կարպատյան տարածաշրջանի պետությունները, ինչպես նաև այդ երկրների տարածաշրջաններն ու համայնքները։

«Մենք մեկնարկ ենք տալիս նոր՝ C8 ձևաչափին՝ Կարպատյան ութնյակին»,- նշել է Զելենսկին՝ ընդգծելով, որ նախաձեռնության նպատակն է ավելի սերտ համագործակցություն ձևավորել մասնակից երկրների և ԵՄ-ի միջև։

Նրա խոսքով՝ նոր ձևաչափը նախատեսում է համագործակցության զարգացում անվտանգության և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև լոգիստիկ հնարավորությունների ընդլայնում, անդրսահմանային տնտեսական համագործակցության խորացում և համայնքների աջակցության ամրապնդում։

Սեպտեմբերի 18-ին նաև հայտնի էր դարձել, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Զելենսկու հրավերով ժամանել է Ուկրաինա՝ մասնակցելու Կարպատյան ինտեգրացիոն նախաձեռնության հանդիպմանը։

Անի Վարդանյան




Լրահոս