Al Jazeera-ն գրում է, որ Իրանի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է՝ տեղեկություններ է ստացել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ։
Թեհրանը զգուշացրել է, որ ամերիկյան նոր հարձակման դեպքում պատասխան հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին և շահերին։ Իրանական կողմը նաև հայտարարել է, որ այն երկրները, որոնք իրենց տարածքը կամ ենթակառուցվածքները կտրամադրեն ԱՄՆ-ի գործողություններին աջակցելու համար, կարող են համարվել «մասնակից» և ենթարկվել Իրանի պատասխան գործողություններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցում գտնվում է «որոշում կայացնելու փուլում»՝ նշելով ռազմական գործողությունների շարունակման, տնտեսական ճնշման կամ համաձայնության հասնելու տարբերակները։ Նա նաև չի բացառել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Միաժամանակ, Կատարի իշխանությունները փորձում են վերականգնել ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Կատարի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Դոհան ստացել է ԱՄՆ պաշտոնյաների հավաստիացումները՝ համաձայնության հասնելու պատրաստակամության վերաբերյալ։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Իրանի ներկայացրած պահանջները։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ իրավիճակի շուրջ դիվանագիտական ջանքերին զուգահեռ կողմերը պատրաստվում են նաև հնարավոր ռազմական գործողությունների վերսկսմանը։



























