Armenian text to speach

Թրամփի վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Al Jazeera-ն և Reuters-ը գրում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է լայնածավալ պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի (ICC) դեմ։

Ըստ հրապարակումների՝ պատժամիջոցները կարող են արգելել ԱՄՆ քաղաքացիներին և ընկերություններին առանց ԱՄՆ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության գումար, ապրանքներ կամ ծառայություններ տրամադրել դատարանին։ Դրանք կարող են ազդել նաև դատարանի ֆինանսական և առօրյա գործունեության վրա՝ ներառյալ տեխնոլոգիական ծառայությունների ձեռքբերումը, քննիչների աշխատանքի կազմակերպումն ու աշխատավարձերի վճարումը։

Reuters-ի երկու աղբյուրների փոխանցմամբ՝ պատժամիջոցների մասին հայտարարությունը կարող է արվել առաջիկայում։ The Wall Street Journal-ը հայտնել է, որ որոշումը կարող է վերջնականացվել այս շաբաթ Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի ընթացքում կամ դրանից անմիջապես հետո։

ԱՄՆ-ն նախկինում արդեն պատժամիջոցներ է սահմանել ICC-ի մի շարք դատավորների և դատախազների նկատմամբ։ Վաշինգտոնը չի ճանաչում դատարանի իրավազորությունը և պնդում է, որ այն գերազանցել է իր լիազորությունները՝ հետաքննելով այն երկրների պաշտոնյաների գործողությունները, որոնք դատարանի անդամ չեն։

ICC-ն ստեղծվել է 2002 թվականին՝ ցեղասպանության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատու անձանց քրեական հետապնդման նպատակով։




Լրահոս