Armenian text to speach

Ո՞ր դատավորն արդարացրեց Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, արդարացրել է նախընտրական շրջանում կալանավորված Արտակ Ավետիսյանին։

Հիշեցնենք, որ Արտակ Ավետիսյանը Շենգավիթում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ «Նիկոլ, դավաճան» արտահայտությունն անելուց հետո բերման էր ենթարկվել։ Ավելի ուշ նրա նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվել։

Արտակ Ավետիսյանի արդարացման ֆոնին ArmLur.am-ը ուսումնասիրել է գործը քննած դատավոր Մուշեղ Արամյանի հայտարարագիրը՝ պարզելու, թե ի՞նչ ունեցվածք ունի։

Ո՞վ է Մուշեղ Արամյանը

Մուշեղ Արամյանը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր է։

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Մուշեղ Արամյանն ունեցել է 2017 թվականի արտադրության Nissan, որը ձեռք էր բերել 2022 թվականի սեպտեմբերի 30-ին։ 2025 թվականի օգոստոսի 6-ին նա Nissan-ը վաճառել է 3 մլն 100 հազար դրամով։

Նույն տարվա սեպտեմբերի 15-ին դատավորը 7 մլն 92 հազար դրամով ձեռք է բերել 2023 թվականի արտադրության Tesla։

Եկամուտ

2025 թվականին Մուշեղ Արամյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 14 մլն 805 հազար 16 դրամ։ Դրանից 14 մլն 393 հազար 904 դրամը Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի կողմից ստացած աշխատավարձն է։

Բացի այդ, դատավորը եկամուտներ է ստացել քաղաքացիական պայմանագրերով և Մովսես Խորենացու անվան համալսարանից։

Դրամական միջոցներ

Տարվա սկզբին Մուշեղ Արամյանը հայտարարագրել է 11 հազար դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին մնացել է նույնը։

Միաժամանակ, նրա կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 7 մլն դրամից նվազել են՝ հասնելով 5 մլն դրամի։ Բանկային հաշիվների մնացորդները ևս տարվա ընթացքում փոփոխվել են։

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին և վերջում Մուշեղ Արամյանի անունով անշարժ գույք չի եղել։ Տարվա ընթացքում նա անշարժ գույք չի ձեռք բերել կամ օտարել։

Այսպիսով, Արտակ Ավետիսյանի գործով արդարացման որոշումը կայացրել է Մուշեղ Արամյանը, որի 2025 թվականի հայտարարագրում, ի թիվս այլ տվյալների, արձանագրված է 7 մլն 92 հազար դրամով Tesla-ի ձեռքբերումը, 14 մլն 805 հազար 16 դրամ ընդհանուր եկամուտը և 11 հազար դոլար կանխիկ միջոցը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս