Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել.
«Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի անկախության 35-ամյակի առիթով բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին։ ՀՀ նախագահի սեպտեմբերի 16-ի հրամանագրով Անի Միշայի Բադալյանին շնորհվել է «արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան։ Այսպիսով՝ հանրությանը հիմնականում որպես ԱԳՆ խոսնակ հայտնի Բադալյանը ստացել է օրենքով բարձրագույնների շարքին դասվող դիվանագիտական աստիճան։ Հենց այս հանգամանքն էլ, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, ԱԳՆ-ում քննարկումների առիթ է դարձել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Բադալյանի դերակատարությունը նախարարությունում զգալիորեն ընդլայնվել է․ նա ոչ միայն պաշտոնական խոսնակն է, այլև արտաքին քաղաքականության տարբեր հարցերում առանցքային դերակատարում ունի։
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են ունեցել Կոնջորյանի հետ և որոնց անունները շրջանառվել են նրա ծեծի գործի շրջանակում։
Խնդիրն այն է, որ պատմության մյուս կողմում ևս կա գործող ՔՊ-ական։
Խոսքը Աբովյան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանի մասին է։ Հենց Հակոբյանն է իրավապահների կողմից որպես մեղադրյալ ներգրավված Ավետ Կոնջորյանի ծեծի գործով։ Հակոբյանն ու Կոնջորյանը նախկինում ընկերներ են եղել, ավելին՝ Հակոբյանն էր Կոնջորյանին ծանոթացրել «Միլոն Մայնինգ»-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի հետ։
Միաժամանակ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔՊ վարչությանը դիմած անձինք ցանկանում են, որպեսզի իրենց դիրքորոշումն առանձին լսվի և իրենց կուսակցական կարգավիճակի հարցը չորոշվի միայն Ավետ Կոնջորյանի հետ ունեցած հակամարտության կամ վերջինիս ծեծի գործի համատեքստում։
«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։
Մենք Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե Պետրոսյանն ազատվե՞լ է աշխատանքից։ ՔԿ-ից մեզ ուղարկեցին օգոստոսի 28-ի հրամանը, որով նա ազատվել է հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա։ Մինչ այդ՝ օգոստոսի 21-ին, Պետրոսյանին ազատել էին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակել այլ վարչության պետի տեղակալ։ Այս ազատումն Արայիկ Պետրոսյանի սրտով չի եղել` նա դիմում է գրել եւ ազատվել նոր նշանակված պաշտոնից ու դիմել դատարան։
«Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս Իրանի նոր գլխավոր հյուպատոս նշանակված Դավուդ Յայիչին այսօր կստանձնի իր պարտականությունները եւ կայցելի Կապան՝ փոխարինելով Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր եւ նշանակվել էր 2022 թվականին։
Նոր հյուպատոսն ադրբեջանախոս է, նրա նշանակման առիթով տեղի ընդդիմադիր շրջանակներն ասում են, թե պրոֆեսիոնալ դիվանագետ չէ, չունի համապատասխան տվյալներ եւ իրավական ու էթիկական խախտումներով է նշանակվել այդ պաշտոնին: Յայիչին, չանցնելով դիվանագիտական ծառայության աստիճանական համակարգը (դեսպանության կցորդ, երրորդից առաջին քարտուղար, երրորդից առաջին խորհրդական), նշանակվել է այս պաշտոնում, ինչը համարվում է անթույլատրելի։




























