«Ժողովուրդ» օրաթերթը նախապես տեղեկացրել էր, որ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի ճակատագիրը պետք է քննարկվեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովում։ Քննարկումների արդյունքում պետք է որոշվեր՝ հարցը ներկայացվո՞ւմ է արդյոք ՔՊ վարչությանը՝ կուսակցությունից հեռացնելու կամ չհեռացնելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վերահսկող հանձնաժողովում Հայկ Սարգսյանի վերաբերյալ ներքին քննարկումները դեռ շարունակվում են, և հարցի վերջնական ընթացքը որոշ ժամանակով հետաձգվել է։
Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ գործընթացի հետաձգման պատճառներից մեկը Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ մեկնելն է։ Վարչապետը Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 25-ից հետո, և, ըստ մեր տեղեկությունների, դրանից հետո Հայկ Սարգսյանի հարցը կրկին կակտիվանա ՔՊ-ում։
Մասնավորապես, քննարկվում է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հարցը Վերահսկող հանձնաժողովում մանրամասն քննարկելու, ապա դրա արդյունքները ՔՊ վարչությանը փոխանցելու տարբերակը։
Այսպիսով, Հայկ Սարգսյանի՝ ՔՊ-ից հեռացման կամ չհեռացման հարցը դեռ վերջնական հանգուցալուծում չի ստացել։ Կուսակցության ներսում, ըստ մեր աղբյուրների, քննարկումները շարունակվում են, և առաջիկայում սպասվում է, որ հարցը կրկին կհայտնվի ՔՊ վարչության օրակարգում։
Սոնա Գրիգորյան




























