Armenian text to speach

Ծաղկաձորում ընտրություններ են․ ո՞վ է ուզում դառնալ համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզը լինելու է առաջիկա ընտրությունների ուշագրավ քաղաքական թատերաբեմերից մեկը։

ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ մեր տեղեկություններով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում ՔՊ-ն, պատրաստվում է կրկին աջակցել գործող համայնքապետ Նարեկ Հարությունյանին, որի թեկնածությունը կուսակցության ներսում դիտարկվում է որպես տարբերակ, բայց փնտրում են այլ թեկնածուի։ Եթե ՔՊ-ն այլ թեկնածու «գտավ», Հարությունյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Ըստ ՔՊ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Հարությունյանի աշխատանքներից։

Անդրադառնանաք Հարությունյանի կենսագրությանն ու պաշտոնավարմանը՝ վարչապետի հնարավոր դժգոհությունը հասկանալու համար։

Ծաղկաձորի համայնքապետը ծնվել է 1986 թվականին, սովորել է ԵՊՀ-ում, ունի քաղաքագետի որակավորում։ 2 տարի աշխատել է Կոտայքի մարզի Մեղրաձորի գյուղապետարանում՝ որպես 2-րդ կարգի մասնագետ: Նա երկար տարիներ աշխատել է «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ–ում, որը ներկայում ղեկավարում է հայտնի գործարար Նարեկ Նալբանդյանը։ Հարությունյանը հեղափոխությունից մեկ տարի առաջ է առաջին անգամ քաղաքականություն մտնելու քայլ արել․ 2017-ին նա նշանակվել էր Մեղրաձոր համայնքի ղեկավարի տեղակալ։ Այնուհետև 2020 թվականին նշանակվել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ մոտ մեկ տարի անց՝ Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար։

ArmLur.am-ը այս տարվա մարտին բարձրաձայնել էր այն հարցը, որ Հարությունյանի ներկայացրած 2024-ի հայտարարագրի մեջ նշված էր 3 մլն կանխիկ գումար, իսկ բանկային հաշիվները միշտ 0 են եղել՝ հակառակ Նիկոլ Փաշինյանի պահանջներին՝ բոլոր գործարքներն իրականացնել անկանխիկ եղանակով։ Բացի դրանից նա հայտարարագրել է բնակարան Երևանում, սակայն չի նշել այդ գույքի ձեռքբերման ֆինանսավորման աղբյուրը՝ արդյոք այն ձեռք է բերվել անձնական խնայողություններով, վարկային միջոցներով, թե այլ ֆինանսական աղբյուրներով։ Հարցեր էին առաջացրել նաև հայատարարագրում սեփական տրանսպորտային միջոցի բացակայության փաստը՝ չնայած նրան, որ համայնքի ղեկավարի պաշտոնը ենթադրում է ակտիվ տեղաշարժ։

4 տարի պաշտոնավարման ընթացքում Հարությունյանը հասցրել է նաև հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրա հանդեպ վարույթ էր նախաձեռնել պաշտոնեական լիազորությունները չարաշահմամբ համայնքին պատկանող հողն օտարելու՝ հիմք ընդունելով «Հետք»-ի հետաքննությունը։ «Հետք»-ը պարզել էր, որ Ծաղկաձոր համայնքի ավագանին 2023թ․ մայիսին ընդունած որոշումով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանի սեփական հողամասին կից հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված 2000 քմ հողամասն ուղղակի վաճառքով, որպես ընդլայնում օտարել է նրան։ Օտարվող հողակտորներն առանձին գույքային միավոր են և պետք է աճուրդ-վաճառքով օտարվեին, եթե կարևորությունը գնորդի անձին չտրվեր։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ հողամասն ուղղակի վաճառքով Կեսոյանին օտարելը տեղի է ունեցել օրենքի խախտումով և հարուցել է վարույթ։

Աննա Հանյան




Լրահոս