Armenian text to speach

Կիրակի Արզնիում ընտրություններ են․ համայնքապետ Ֆելիքս Միրզոևի ունեցվածքն ու իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Կոտայքի մարզի Արզնի համայնքում նախատեսված է ավագանու անդամների ընտրություն։ Ընտրության այս ֆոնին ArmLur.am-ը ուսումնասիրել է Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևի  ունեցվածքը։ Ֆելիքս Միրզոևը Արզնիի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի նոյեմբերի 6-ից։ Հիշեցնենք, որ 2025 թվականին Արզնի խոշորացված համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը նաև հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում․ ըստ SHAMSHYAN.com-ի՝ նա կասկածվում էր համայնքի օրինական շահերին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու մեջ՝ հրապարակային սակարկությունների կարգը խախտելու և համայնքային հողատարածքները շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով վարձակալության տրամադրելու ենթադրյալ դեպքով։

Անշարժ գույք

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին և տարեվերջին Միրզոևն ունեցել է համատեղ սեփականությամբ մեկ հողամաս Կոտայքի մարզի Արզնի համայնքում։ Հողամասը ձեռք է բերվել 2003 թվականի օգոստոսի 25-ին՝ «այլ» եղանակով։

2025 թվականին նոր անշարժ գույք չի ձեռք բերվել, ինչպես նաև առկա գույքից որևէ մեկը չի օտարվել։

Ավտոմեքենա

Համայնքապետի հայտարարագրում առկա է 2008 թվականի արտադրության VAZ մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2018 թվականի հունվարի 30-ին՝ գնման եղանակով։

2025 թվականի ընթացքում նոր ավտոմեքենա չի ձեռք բերվել և առկա մեքենան չի օտարվել։

Եկամուտ

2025 թվականին Ֆելիքս Միրզոևի հայտարարագրված եկամուտը կազմել է 4 մլն 783 հազար 25 դրամ։ Ամբողջ գումարը ստացվել է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով՝ Արզնիի համայնքապետարանի աշխատակազմից։

Միրզոևը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Սոնա Գրիգորյան




Լրահոս