Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ «Սեմուր ընդ Կո» շինանյութի արտադրամասի մոտ, բախվել են 33-ամյա Արթուր Վ․-ի վարած «Renault» մակնիշի և 35-ամյա Էդուարդ Ղ․-ի վարած «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է գազատար խողովակներին և արտաքին լուսավորության սյանը, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, իսկ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» և «Տրանսգազ» ընկերությունների Եղվարդի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը և սկսել աշխատանքներ վնասված գազախողովակը նորոգելու ուղղությամբ։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։




























