ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու ծրագիրը, այդ թվում՝ Թեհրանի նկատմամբ վստահության բացակայության պատճառով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը։
Fox News-ի եթերում դիվանագետին հարցրել են՝ արդյոք Թրամփի մերժումը կապված է այն հանգամանքի հետ, որ նա չի հավատում՝ Իրանը կկատարի համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները։ «Մասամբ՝ այո։ Նրանք խախտել են նախորդ համաձայնությունը»,- պատասխանել է նա։
Ուոլցը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է մոտ ապագայում վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Իրանի դեմ։ «Ես չեմ պատրաստվում առաջ ընկնել նախագահից»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին փոխանցել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր։ Իրանի նախարարը նշել էր, որ ծրագրի դրույթները նոր չեն և արդեն ներառված են եղել Թեհրանի և Վաշինգտոնի միջև փոխըմբռնման հուշագրում։



























