Armenian text to speach

Իրականացվում է ծառայողական քննություն՝ հրդեհի պատճառահետևանքային կապը, հանգամանքները պարզելու համար. Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 21:10-ի դրությամբ ամբողջությամբ մարվել է։

Այս մասին հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Հրդեհի հետևանքով հոսանքազրկված գրեթե բոլոր ուղղություններում ժամը 22:30-ի դրությամբ էլեկտրամատակարարումը վերականգնվել է, բացառությամբ մի քանի բազմաբնակարան շենքերի, որտեղ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում: 2-3 ժամերի ընթացքում այդ հասցեները ևս այլընտրանքային սնուցում կունենան։

ՀԷՑ Անվտանգության և վերահսկողության տնօրենության կողմից արդեն մեկնարկել և այս պահին իրականացվում է ծառայողական քննություն՝ հրդեհի պատճառահետևանքային կապն ու հանգամանքները պարզելու նպատակով։

Մեր կողմից հանցագործության մասին հաղորդում է տրվել նաև իրավապահ մարմիններին՝ հետաքննելու միջադեպի բոլոր հանգամանքներն ու հնարավոր վարկածները։

ՀԷՑ-ը նաև անկախ փորձաքննություն կպատվիրի մասնագիտացված (լիցենզավորված) կազմակերպության՝ էներգատեխնիկական և հրդեհային փորձաքննություն ևս անցկացնելու նպատակով։

Շնորհակալություն եմ հայտնում հրդեհաշիջման և փրկարարական գործողությանը մասնակից՝ ՆԳՆ Փրկարար ծառայության բոլոր հրշեջ-փրկարարներին և ԱՆ Շտապ օգնության բրիգադներին. հիրավի հերոսական աշխատանք է տարվել այսօր»,- գրել է Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում։

ՀԷՑ-ը հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել:

Նաև նշվել է, որ հրդեհի հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել բազմաթիվ հասցեներում:




Լրահոս