Armenian text to speach

Աղմկահարույց պատմություններից մինչև տույժեր. ով է ՔՊ-ի Արտաշատի համայնքապետի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ արդեն ՔՊ-ն որոշում ունի, հոկտեմբերի 25-ին Արտաշատում գործող համայնքապետ Կառլեն Մկրտչյանն է գլխավորելու ՔՊ ցուցակը:

Իսկ ո՞վ է Կառլեն Մկրտչյանը:

2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել Կառլեն Մկրտչյանի նկատմամբ՝ շահերի բախման վերաբերյալ իրավակարգավորումների հնարավոր խախտման հիմքով։

Խնդիրը կապված էր «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի հետ, որի 100 տոկոս բաժնետերն ու տնօրենը Արտաշատի ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանն էր։

Հանձնաժողովը արձանագրել էր, որ Մկրտչյանի և Բաղդասարյանի միջև առկա էին քաղաքական հարաբերություններ, իսկ համայնքապետը ընկերության հետ պայմանագիր կնքելու գործընթացում օրենքով սահմանված ժամկետում շահերի բախման վերաբերյալ հայտարարություն չէր ներկայացրել։

Արդյունքում Մկրտչյանը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ 300 հազար դրամ տույժի։

Սակայն պատմությունն այստեղ չավարտվեց։ Համայնքապետը վիճարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը դատարանում, սակայն Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին մերժեց նրա հայցը։

Մկրտչյանի դիրքորոշումն այն էր, որ ինքը պայմանագիրը հաստատելիս չի իմացել և պարտավոր չէր իմանալ ընկերության սեփականատիրոջ կամ տնօրենի ինքնությունը, հետևաբար իր կողմից հայտարարություն չներկայացնելը մեղավորություն չի պարունակել։ Դատարանը, սակայն, նրա հայցը չբավարարեց։

Ուշագրավ է, որ հետագայում նույն ընկերությունը կրկին հաղթող է ճանաչվել համայնքի կողմից հայտարարված մրցույթում՝ Բուրաստան բնակավայրի փողոցների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների համար։

Համայնքապետարանի պաշտոնյան՝ քրեական վարույթի շրջանակում

Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքում Արտաշատի համայնքապետարանի հետ կապված մեկ այլ աղմկահարույց պատմություն էլ եղավ։

2024 թվականի օգոստոսին Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել էր, որ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձի մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Դատարանը նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց էր ընտրել։

Լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել էին, որ խոսքը Կառլեն Մկրտչյանի օգնականի մասին է։ Սակայն իրավապահների պաշտոնական հաղորդագրության մեջ անձի անունն ու պաշտոնը՝ որպես համայնքապետի օգնական, հրապարակված չէին, ուստի այդ հանգամանքը պետք է դիտարկել որպես լրատվական տեղեկություն, ոչ թե դատարանով հաստատված փաստ։ ⁠

Եվ այս ֆոնին՝ Մկրտչյանի նոր նախընտրական խոստումները

Այս ամենից հետո Մկրտչյանը կրկին գնում է ընտրությունների՝ հայտարարելով, որ պատրաստ է «նույն նվիրումով» շարունակել աշխատանքը։

Փաստացի Արտաշատի ընտրության առանցքային հարցերից մեկը դառնում է ոչ միայն այն, թե ինչ նոր ծրագրեր է առաջարկում գործող համայնքապետը, այլև այն, թե ինչպես է նա պատասխանելու իր նախորդ պաշտոնավարման ընթացքում առաջացած այս խնդիրների վերաբերյալ հարցերին։

Հատկապես այն դեպքում, երբ հենց Մկրտչյանն է հայտարարում, որ շարունակելու է «խոսել բաց, ուղիղ և փաստերի հիման վրա»։

Ովքեր են նրա մրցակիցները

Հոկտեմբերի 25-ի ընտրություններին Արտաշատում առաջադրվել է երեք ուժ։

Քաղաքացիական պայմանագիր – ցուցակը կրկին գլխավորում է գործող համայնքապետ Կառլեն Մկրտչյանը։

Հայ Յեղափոխական Դաշնակցություն – 33 թեկնածուից բաղկացած ցուցակը գլխավորում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը, որը նաև առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու։

«Նոր դարաշրջան» կուսակցություն – ներկայացրել է 25 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Այսպիսով, Արտաշատում ՔՊ-ի գործող համայնքապետի դեմ ընտրապայքարը կառուցվում է երկու այլընտրանքային ցուցակների մասնակցությամբ։ ՀՅԴ-ի դեպքում պայքարը գլխավորում է Գերասիմ Վարդանյանը, իսկ «Նոր դարաշրջանը» ևս մտել է ընտրական գործընթաց։

Սոնա Գրիգորյան




Լրահոս