Ոստիկանությունը փորձում է առգրավել ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի զենքերը։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, ներկայումս կալանքի տակ գտնվող Գագիկ Բեգլարյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության։ Վերջինս պահանջում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության 15.07.2026 թվականի որոշումները «Ակոս-841», «Ակոս-841/2», թույլտվություներն ուժը կորցրած ճանաչել:
Դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Բեգլարյանի դիմումը դատարան եւ նշանակել դատաքննություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրէլ էր, որ իրավապահ համակարգում որոշում է կայացվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող բոլոր զենքերը հնարավորինս հավաքելու մասին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը նաև օրինական հիմքով ձեռք բերված և հաշվառված զենքերի մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները գործընթացը կապում են վերջին շրջանում նախկին պաշտոնյաների նկատմամբ ակտիվացած իրավապահ գործողությունների հետ։ Իրավապահ համակարգում, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, մտավախություն կա, որ նախկինների գույքի, ունեցվածքի նկատմամբ գործընթացները, որոնք քաղաքական շրջանակներում արդեն որակվում են որպես «կուլակաթափություն», քաղաքական հայացքներով պայմանավորված, կարող են անձնական հաշվեհարդարների կամ վենդետայի վտանգ առաջացնել։
Հենց այս ռիսկը նվազեցնելու նպատակով էլ փորձ է արվում հնարավորինս սահմանափակել նախկին պաշտոնյաների մոտ զենքի առկայությունը։
Հատկանշական է, որ թեման հատկապես արդիական դարձավ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից հետո։ Քննչական կոմիտեի հրապարակած կադրերում երևում էին նաև սիմվոլիկ զենքեր, նկարներ, հուշանվերներ, մինչդեռ Խաչատրյանի պաշտպանները հայտարարեցին, որ հրապարակված բոլոր զենքերն օրինական են և ունեցել են համապատասխան թույլտվություններ։
Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանությունը վերջին ամիսներին ակտիվացրել է զենք-զինամթերքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։
Պաշտոնական տվյալներով՝ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք, որից 912-ը կամավոր հանձնվել է։
Քնար Մանուկյան
Մանրամասները տեսանյութում․




























