ArmLur.am-ը կրկին ուսումնասիրել է պաշտոնատար անձանց հայտարարագրերը և այս անգամ ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունի Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը։
Կարեն Մկրտչյանը Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի հունվարի 19-ից։
Անշարժ գույք
Մկրտչյանի 2025 թվականի հայտարարագրում անշարժ գույք նշված չէ։ Տարվա ընթացքում նույնպես անշարժ գույք չի ձեռք բերել կամ օտարել։ Հայտարարագրում չի նշվել նաև երրորդ անձի պատկանող, սակայն իր կողմից 90 և ավելի օր փաստացի տիրապետվող անշարժ գույք։
Տրանսպորտային միջոց
2025 թվականի հայտարարագրում Կարեն Մկրտչյանի անունով տրանսպորտային միջոց նույնպես նշված չէ։ Տարվա ընթացքում մեքենա չի ձեռք բերել կամ օտարել։
Դրամական միջոցներ
2025 թվականի սկզբին նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 825 հազար 843 դրամ, իսկ տարեվերջին՝ 900 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 2 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 200 հազար դրամ։
Այսպիսով, բանկային հաշիվների և կանխիկի համատեղ մնացորդը տարվա սկզբի 2 մլն 825 հազար 843 դրամից տարեվերջին նվազել է մինչև 1 մլն 100 հազար դրամ։
Եկամուտ
2025 թվականին Կարեն Մկրտչյանը հայտարարագրել է 5 մլն 977 հազար 290 դրամ եկամուտ, որը ստացել է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով՝ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմից։
Վարկ
Տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Մկրտչյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 2 մլն 340 հազար դրամ։ Հայտարարագրում վարկի նպատակային նշանակությունը պաշտպանված է։
Բիզնես և քաղաքական գործունեություն
Կարեն Մկրտչյանը 2023 թվականի ապրիլի 12-ից «ԼՈՒԿ-ԱԼ» ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է։ Միաժամանակ հայտարարագրում նշված է, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Այսպիսով, 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի անունով անշարժ գույք և ավտոմեքենա նշված չէ, բանկային հաշիվներում տարեվերջին ունեցել է 900 հազար դրամ, կանխիկ՝ 200 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում ստացել է 5 մլն 977 հազար 290 դրամ եկամուտ։
Սոնա Գրիգորյան




























