Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգաշարով հյուրախաղերով հանդես է եկել Հնդկաստանում՝ ելույթ ունենալով երեք քաղաքներում՝ Կալկաթայում, Նյու Դելիում և Չեննայում (պատմական Մադրաս), հա՛տնում է ԿԳՄՍՆ-ը։
«Համերգաշարը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Համերգաշարը մեկնարկել է Կալկաթայի հանրահայտ Վիկտորիա Մեմորիալում։
Համերգաշարին բացման խոսքով հանդես են եկել Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն ու Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի կառավարության բարեկեցության վարչության քարտուղար Սանջայ Բանսալը։
Նվագախմբի հաջորդ կանգառը Նյու Դելին էր, որտեղ նվագախումբը հանդես է եկել հանրահայտ Լոտոսի տաճարի համերգասրահում։
Համերգի պաշտոնական ընդունելության ընթացքում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Հնդկաստանի հարուստ մշակութային ավանդույթներին և պատմական ժառանգության նկատմամբ երկու ժողովուրդների խոր հարգանքին:
Նա ընդգծել է, որ տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները զարգացել են քաղաքական երկխոսության, պաշտպանության, առևտրի, կրթության, տեխնոլոգիաների, զբոսաշրջության և հատկապես՝ մշակույթի ոլորտներում։
Ելույթով հանդես է եկել նաև Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևելյան հարցերով քարտուղար Ռուդրենդրա Տանդընը՝ կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի դարավոր պատմամշակութային կապերը և դրանց հենքի վրա ձևավորված գործընկերության հետագա ամրապնդումը։
Եզրափակիչ համերգը կայացել է Չեննայի պատմական Մադրասի Երաժշտական ակադեմիայում։ Համերգի մեկնարկին ելույթներով հանդես են եկել Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը և Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոսը։
Հնդկաստանյան համերգներին ներկա են եղել մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, Հնդկաստանի պետական և մասնավոր կառույցների, փորձագիտական շրջանակների, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Հայաստանի նվագախմբի պատվիրակությունը գլխավորել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։ Համերգաշարի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սիփան Օլահն էր, որը հանդես է եկել նաև որպես տենոր մենակատար։
Համերգներին որպես մենակատարներ հանդես են եկել նաև Լիբանանից ժամանած սոպրանո Շողիկ Թորոսյանը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը և դաշնակահար Կատարինե Հովսեփյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։
Համերգային ծրագրում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդվարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Վաղարշակ Կոտոյանի, Շառլ Ազնավուրի, Էդվարդ Գրիգի, ինչպես նաև եվրոպացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։
Հայաստանի պետական կամերային նվագախմբի հնդկաստանյան հյուրախաղերը դարձել են ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված նշանակալի մշակութային նախաձեռնություն՝ նպաստելով հայկական երաժշտարվեստի միջազգային ներկայացվածության ընդլայնմանը և հայ-հնդկական մշակութային կապերի ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրությունում։






















