ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը պետք է զբաղվի ապրիլի 24-ին ԱՄՆ-ում իր մահկանացուն կնքած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, 1956 թվականից մինչեւ 1992 թվականը Հայաստանի պետական էստրադային նվագախումբը ղեկավարած Կոնստանտին Օրբելյանի հուղարկավորության հետ կապված հարցերով։ Սակայն երեւի շատերը մոռացել են կամ չեն էլ իմացել, որ աշխարհահռչակ Մաեստրոյին ժամանակին Հայաստանից, մեղմ ասած, հեռացրել են։
Ինչպես armlur-ին պատմեց հայտնի ջազմեն, թմբկահար, «Չիկոն եւ ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արմեն Թութունջյանը, 1992 թվականին Կոնստանտին Օրբելյանն իրեն զանգել, հարցրել է. «Ծանր վիճակում եմ, կողքիս կլինե՞ս»։
Մեր զրուցակիցը դրական պատասխան է տվել։ «Եկա, իմ ընկեր երաժիշտներին, նոր սերնդի ներկայացուցիչներին հավաքեցի, երկուսուկես ամիս փորձեր արեցինք, որպեսզի նվագենք Մաեստրոյի հրաժեշտի համերգները։ Բոլորը հավաքվել էին հանուն Օրբելյանի, եւ 1992 թվականի հուլիսի 29-ին եւ 30-ին Օպերայի դահլիճում կայացան Կոնստանտին Օրբելյանի հրաժեշտի երկու համերգները։ Նրան պարզապես հանել էին մեր նոր Հայաստանի նոր ղեկավարները, որոնք մշակույթի վրա թքած ունեին եւ որոշել էին, որ միայն Լորիս Ճգնավորյան պիտի պահեն։ Ու այդքանը հերիք է, որ կիսասոված, հոգնած եւ մրսած հայ ժողովուրդը գա, մտնի մեծ դահլիճ ու անվճար համերգներ լսի։ Եվ Օրբելյանի նվագախումբը վռնդեցին ուղղակի իր կաբինետով՝ հաշվի չառնելով, որ այդ մարդը 36 տարի ղեկավարել է նվագախումբ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է։
Մեզ տարան խուլերի եւ համրերի ակումբ, եւ այդտեղ եղավ երկրորդ հարվածը, երբ նվագախմբի մեծ մասը թողեց-փախավ Եվրոպա։ Եվրոպայում այն ժամանակ աշխատանքի հնարավորություն կար, եւ հայ երաժիշտները ողողեցին Եվրոպան»։ Եվ եթե եվրոպացի երաժիշտներն իրենց աշխատանքի դիմաց ամենաքիչը 1000 դոլար էին վաստակում, եւ երկու կողմն էլ գոհ էին, ապա հայ երաժիշտները համաձայնվել էին աշխատել 600-800 դոլարով։ «Երբ Օրբելյանը լքեց Հայաստանը, հաջորդ օրն իմ երիտասարդ ընկերներն ասացին՝ եկեք մի տեղ նստենք-նվագենք։ Սպայի տան հարեւանությամբ ստորգետնյա ակումբ կար, որը հիմա քանդել են (մի ժամանակ էլ վերածվել էր համասեռամոլների հանդիպավայրի)։ Տղաներով մտանք այդ ակումբ, ու առաջին ձմռանը մենք մոմի լույսի եւ նավթավառի ջերմության տակ ելույթ էինք ունենում։
Մեքենայի ակումլյատորը հանում էինք, էլեկտրական գործիքները միացնում ու նվագում։ Դա սկիզբն էր, հենց սովետական իսկական ճիշտ ռոմանտիկ ջազի վիճակը, երբ ջազը կարելի էր արդեն նվագել գրեթե ամեն երեկո, եւ երբ ջազը նաեւ դարձավ աշխատանք։ Դա առաջացրեց մրցակցություն, որն էլ հետագայում իր հերթին բերեց մեր հայաստանյան ջազի հսկայական մի վերելքի, եւ եկավ ընտիր երաժիշտների մի նոր սերունդ… Ես իմ գրքում նշել եմ 57 ընտիր ստեղծագործողների, կարկառուն ջազմենների անունները, ովքեր կառուցել են այն շենքը, որի վրա գրված է հայաստանյան ջազ»։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ