Գյումրու պետական նվագախումբը փողոցում հայտնվելու եզրին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախումբը փողոցում հայտնվելու եզրին է: Բանն այն է, որ 2016 թվականին Գյումրու ավագանին համայնքի սեփականությունը հանդիսացող Մհեր Մկրտչյան փողոցի N 47/6 հասցեում գտնվող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տվել էր նվագախմբին 30 տարի ժամկետով: Սակայն բարերար է հայտնվել, ով որոշել է տարածքում շինարարություն սկսել: Քաղաքապետ Բալասանյանն էլ, չցանկանալով առիթը բաց թողնել, եւս մեկ տարածքից գումար վաստակել, հարցը դրել էր ավագանու քննարկմանը:

Տարածքով հետաքրքրված է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը` ամերիկահայ բարերար Հովհաննես Օյունջյանի հովանավորությամբ: Վերջինս Գյումրիում կառուցել է «Օյունջյան» վարժարանը, «Վարդուհի» արվեստի դպրոցը, «Աղավնի» արհեստի կենտրոնը:

Նոր տարածքի համար բարերարը պատրաստակամ է 3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել: Գյումրու ժողովրդական գործիքներ նվագախմբի անդամները մտահոգ են: Նվագախմբի Տնօրեն Մուրադ Մալխասյանը չի պատրաստվում թողնել տարածքը: Իսկ գլխավոր դիրիժոր Ջեմմա Քաղցրիկյանը պնդում է. «Եթե քաղաքը գտնում է, որ պետք այդ կառույց կառուցվի, թող լինի, բայց այսքան տարի գործող նվագախմբի համար էլ անհրաժեշտ է լավ պայմաններ ապահովել: Ուզում ենք ամեն ինչ փաստաթղթային լինի: Թե չէ 16 թվին տվել են ,հիմա դուրս են հանում: Մենք մեր ձեռքին ուզում ենք փաստաթուղթ ունենալ».

Ավագանին, բանակցելով կողմերի հետ, փոխեց որոշման նախագիծը` հստակեցնելով նվագախմբի տարածքի հարցը: «Նախապայման դրվեց, որ շինարարական աշխատանքներն այդ հատվածում կարող են սկսվել, միայն իր պարտավորությունները, որ ստանձնելու է «Օյունջյան» հիմնադրամը, նոր շենք ձեռք բերելուց եւ նվագախմբին տրամադրելուց հետո»,-հայտնեց գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Հիմնադրամի առաջ այսպիսով պայման դրվեց մինչ շինաշխատանքների մեկնարկը նվագախմբի համար տարածքի հարց լուծել: Մինչ այդ նվագախմբին կիսակառույց էր առաջարկվել, բայց հետո պարզվել էր, որ տարածքը վաճառված է. «Մինչեւ նվագախմբի անհրաժեշտ պայմանները չապահովվեն, ՊՈԱԿ-ը չի տեղափոխվի, եւ տարածքում շինարարություն չի սկսվի, դա մարզպետարանի սկզբունքային դիրքորոշումն է, եւ այդ հարցը քննարկվել է ե՛ւ Օյունջյանի, ե՛ւ «Օյունջյան» հինադրամի, ե՛ւ ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ: Շիրակի մարզպետարանը զբաղված է նոր շենք գտնելու հարցով, այդ շենքը գտնելուց հետո այն վերանորոգվելու է համապատասխան ձեւով, կահավորվելու է, որից հետո հողամասը կտրամադրվի հիմնադրամին»,-նշեց փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը:

Բայց որպեսզի Բալասանյանը վստահ լինի, որ բարեարը չի փոշմանի, առաջարկեց տարածքի հիմնարկեքն օր առաջ անել. «Քարը դրվելու է, որ բարերարն իր աչքով տեսնի, իսկ շինարարությունը կսկսվի, երբ որ նվագախմբի տարածքի հարցը լուծվի»,-ասաց նա: Միայն թե Բալասանյանն այս օրերին փորձում է լավ հարաբերություններ պահպանել բոլոր կառույցների հետ, քանի որ մեկ փոքր սխալը նրա համար կարող ճակատագրական դառնալ:

Շուշանիկ Օհանյան
Գյումրի




Լրահոս