3 ամսում երկու միջազգային հաղթանակ. Նիկոսիայի դրամատուրգիայի միջազգային մրցույթում հաղթանակից հետո հայազգի հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը դարձել է Լոնդոնի եվրասիական ստեղծագործական գիլդիայի (Eurasian Creative Guild) առաջին անգամ անցկացված «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր՝ անգլերենով գրված հեքիաթների «Լավագույն հեղինակ» անվանակարգում։
Արդեն 4 միջազգային մրցանակների դափնեկիր հեքիաթագիրը հայտնի է իր «Բյուրեղապակե մարդը» և «Փետրվարի 30» նորաշունչ հեքիաթներով, որոնք միանգամայն նոր ոճ ու խոսք են հայ հեքիաթագրության մեջ:
Ուկրաինացի հեքիաթագիր, փորձագետ և գրական մենթոր Վալերիա Ստրեկալովսկայան, անդրադառնալով հեքիաթագրին, մի հազվադեպություն է նկատել. «Մեր օրերում տղամարդ հեքիաթագիրները մեծ հազվադեպություն են։ Գիտեմ, որ տղամարդիկ սիրում են հեքիաթներ լսել, բայց հեքիաթներ գրել՝ այն էլ հումորով, վառ, նրբորեն ու միաժամանակ նրբանկատորեն, քչերին է տրված…. Էլֆիք Զոհրաբյանն ունի իր անկրկնելի ոճն ու ինքնատիպությունը։ Նա ընթերցողի հետ միասին խորասուզվում է հեքիաթային աշխարհում, քննարկում, երբեմն կատակով կսմթում ընթերցողին, դրդում նրան մտորելու, հրահրում, բայց միշտ՝ անսահման սիրով։ Այդ հեքիաթներից յուրաքանչյուրն առանձին աշխարհ է»։
Իր շնորհակալական խոսքում Էլֆիք Զոհրաբյանը հպարտությամբ խոսեց հայ ազգային հեքիաթի ավանդույթի մասին, մեջբերեց Հովհ. Թումանյանին, ապա, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Ալմաթիում իր մասնակցությունն ապահովելու համար, ամփոփեց խոսքը` մեկ քառյակ ղազախերեն արտասանելով ղազախ դասական պոետ Աբայ Կունանբաևից։
Մրցանակաբաշխությունից հետո բազմազգ մրցանակակիրներին հրավիրեցին Եվրասիայի ամենամեծ՝ Ալ Ֆարաբիի անվան համալսարան՝ հանդիպելու Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ։ Այնտեղ հայ հեքիաթագիրը պատմեց Հայաստանի գրական ու մշակութային կյանքի մասին և էկրանի առջև հայտնվող ապագա լրագրողներին մի քանի մասնագիտական խորհուրդ տվեց ձայնի մշակվածության, մատուցման արվեստի ու դերասանի վարպետության մասին։























