Armenian text to speach

Ի՞նչ ունեցվածք ունի Մեծամորի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականի սեպտեմբերի 11-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար նշանակված Էդգար Հովհաննիսյանը մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ո՞վ է Մեծամորի համայնքի նոր ղեկավարը և ի՞նչ ունեցվածք է նա հայտարարագրել։

Էդգար Հովհաննիսյանը 2014-2021 թվականներին աշխատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ որպես առանձնացված ստորաբաժանման առաջատար մասնագետ։ 2021-2022 թվականներին նա աշխատել է Արարատյան մաքսատան վարչությունում՝ որպես մաքսային տեսուչ։ 2022 թվականի փետրվարի 2-ին նշանակվել է Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, իսկ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին՝ համայնքի ղեկավար։

Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Անշարժ գույք

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Էդգար Հովհաննիսյանը տարվա սկզբում ունեցել է Խոյի համայնքում գտնվող հողամաս, որը ստացել էր նվիրատվությամբ 2022 թվականի հունիսի 28-ին։ Այդ հողամասը 2025 թվականի սեպտեմբերի 18-ին վաճառել է 1 մլն դրամով։

2025 թվականին Հովհաննիսյանը ձեռք է բերել Երևանի կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի 1/3 բաժին։  Գույքի ձեռքբերման արժեքը կազմել է 36 մլն 500 հազար դրամ։

Եկամուտ

2025 թվականին Էդգար Հովհաննիսյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 13 մլն 216 հազար 650 դրամ։ Դրանից 10 մլն 517 հազար 279 դրամը աշխատանքի վարձատրությունն է Մեծամորի համայնքապետարանից, իսկ 2 մլն 699 հազար 371 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։

Դրամական միջոցներ

Տարվա սկզբում նրա երկու բանկային հաշիվներում եղել է համապատասխանաբար 1 մլն դրամ և 3 մլն 449 հազար 977 դրամ։ Տարվա վերջում մնացորդները կազմել են համապատասխանաբար 1 մլն դրամ և 2 մլն 802 հազար 323 դրամ։

Բացի այդ, Հովհաննիսյանը տարվա սկզբին և վերջում հայտարարագրել է 11 մլն դրամ կանխիկ գումար։ ԱՄՆ դոլարով կանխիկ միջոցները տարվա սկզբում կազմել են 17 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 15 հազար դոլար։

Բնակարանի ձեռքբերման հետ կապված նրա վարկի մայր գումարի մնացորդը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 31 մլն 586 հազար 862 դրամ։

 

Սոնա Գրիգորյան




Լրահոս