Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զավզակներ» հաղորդման ժամանակ ուշագրավ խոստովանություն է արել․ հայտարարել է, որ պաշտոնապես հրաժարվել է բլոտ խաղալուց, քանի որ հաճախ էր պարտվում։
Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, որ վարչապետի ազատ ժամանակի զբաղմունքներից մեկը ոչ միայն ընթերցանությունն է, որի մասին ռիլեր է նկարում, հեծանիվ վարելը, որը քարոզում է, այլ «բլոտ» թղթախաղն է, սակայն առավել ուշագրավ է պարտության նկատմամբ նրա վերաբերմունքը և ռեակցիան:
Փաստորեն «բլոտ»-ում հաճախակի պարտությունները Փաշինյանին ստիպել են թողնել խաղը։ Մինչդեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որի ավարտին Հայաստանը ծանր կորուստներ ունեցավ՝ կորցրեցինք Արցախի հանրապետությունը, Փաշինյանը վարչապետի պաշտոնից չհրաժարվեց, ավելին նորից առաջադրվեց ու 6 տարի դեռ շարունակում է տարբեր ոլորտներում պարտությունների շղթան, այդ թվում և կառավարման մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթին, սակայն, հետաքրքրեց նաև բլոտային պատմության մյուս կողմը՝ ո՞ւմ հետ է խաղացել Նիկոլ Փաշինյանը, ո՞վ է եղել նրա խաղընկերը, և հատկապես՝ ովքե՞ր են այն մրցակիցները, որոնց Փաշինյանը պարտվել է։
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։ Վերջինս հետաքրքիր մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանի հետ բլոտ խաղալու մասին՝ նշելով, որ ինքն այն զույգի կազմում է եղել, որը հաղթել է վարչապետին։
Ավելին, Ղալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի թաքցրել նաև իր ուրախությունը այդ հաղթանակի կապակցությամբ։
Այսպիսով, բլոտի պարտությունը պարտություն է ու հետևությունների տեղիք է տալիս վարչապետ Փաշինյանի համար, իսկ պատերազմում պարտությունը, հայրենիքի կորուստը, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան Փաշինյանին չեն ստիպում հետևություններ անել ու օրինակ, դուրս գալ քաղաքականությունից:
Համաձայնեք՝ յուրօրինակ իրավիճակ է:
Քնար Մանուկյան, Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























