ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում որպես չզեկուցվող հարց նախատեսվում է քննարկել «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2027 թվականի ծրագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու մասին» նախագիծը։
Նախագծով առաջարկվում է 2027 թվականին սահմանամերձ տարածաշրջանների զարգացման ծրագրի իրականացման համար հատկացնել 1 մլրդ 90 մլն դրամ։ Գումարը նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից։
Ծրագրի շրջանակում սահմանամերձ համայնքների բնակիչներին նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագների մասնակի փոխհատուցման, ինչպես նաև անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման ձևով։
Հիմնավորման համաձայն՝ աջակցության ծրագրից օգտվում են սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։
Ծրագրի նպատակը սահմանամերձ համայնքներում բնակիչների սոցիալական պայմանների բարելավումն ու նրանց առօրյա հոգսերի հնարավորինս մեղմումն է։
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Նախագծի պատասխանատու կատարողը ՏԿԵ նախարարությունն է, իսկ ծրագրի իրականացման ժամկետը՝ 2027 թվականը։
Նախագծի համաձայն՝ սահմանամերձ համայնքներին պետական աջակցությունը տրամադրվելու է գործող կարգավորումների հիման վրա։
Անի Վարդանյան



























