«Times Higher Education» (THE) հեղինակավոր պարբերականը հրապարակել է համաշխարհային համալսարանների World University Rankings 2027 վարկանիշային աղյուսակը, որտեղ Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանը հայտնվել է վերջին տեղում՝ թե՛ ընդգրկված բուհերի թվով, թե՛ դրանց զբաղեցրած հորիզոնականներով։
ArmLur.am-ը արձանագրեց, որ Հայաստանից ցանկում ընդգրկվել է ընդամենը երկու բուհ՝ Երևանի պետական համալսարանը և Հայաստանի եվրոպական համալսարանը, որոնք երկուսն էլ հայտնվել են աղյուսակի ամենացածր՝ 2001+ հորիզոնականներում։
Տարածաշրջանային համեմատության մեջ պատկերն ավելի քան մտահոգիչ է։ Մեր հարևան Վրաստանն ունի ցանկում ընդգրկված 8 բուհ, որոնցից լավագույնները սկսվում են 1401-րդ հորիզոնականից, իսկ Ադրբեջանը ներկայացված է 14 համալսարանով՝ սկսած 701-րդ տեղից։ Տարածաշրջանում Թուրքիան առաջատար է՝ ունի 142 բուհ (լավագույնը՝ 326-րդ տեղում), իսկ Իրանը՝ 89 բուհ (լավագույնը՝ 401-րդ տեղում)։
Համաշխարհային առաջատարները
Ընդհանուր առմամբ, 118 երկրի 2297 բարձրագույն ուսումնական հաստատություն ներառող այս վարկանիշն արդեն 11-րդ տարին անընդմեջ գլխավորում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը (97.9 միավոր)։ Այն ընդամենը 0.1 միավորով է առաջ անցել երկրորդ տեղում գտնվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT)։ Համաշխարհային ասպարեզում աչքի է ընկնում նաև ասիական բուհերի վերելքը․ Չինաստանի Ցինհուա համալսարանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը՝ շրջանցելով շվեյցարական ETH Zurich-ին և դառնալով Ասիայի առաջատարը, որն արդեն գերազանցում է մայրցամաքային Եվրոպայի լավագույն բուհերին։
Ինչի՞ մասին են փաստում թվերը
Times Higher Education-ի վարկանիշը բուհերի գործունեությունը գնահատում է 5 հիմնական ուղղություններով՝ դասավանդում, հետազոտական միջավայր, հետազոտության որակ, միջազգային գործունեություն և կապ տնտեսության հետ։
Հայաստանյան բուհերի գրանցած այս մեղմ ասած վատ ցուցանիշները հստակ ազդակ են առ այն, որ միջազգայնացման և կրթական բարեփոխումների մասին հայտարարությունների ֆոնին Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության համակարգը շարունակում է զգալիորեն զիջել իր մրցունակությամբ թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային մակարդակներում։
Անի Վարդանյան




























