Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 8 պաղեստինցի է զոհվել, նրանց թվում՝ լրագրող Մուհամմադ Աբդել Ազիզ ալ-Նաջարը։ Այս մասին հայտնել է Գազայի կառավարության լրատվական գրասենյակը։
Գերատեսչության տվյալներով՝ ալ-Նաջարը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհված 263-րդ պաղեստինցի լրագրողն է։ Լրագրողի զոհվելու վայրի և հանգամանքների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
Միաժամանակ, Գազայի «Թալ ալ-Հավա» թաղամասում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ուղևորատար մեքենայում գտնվող 6 մարդ է զոհվել։ Պաղեստինի Կարմիր մահիկի տվյալներով՝ հարձակման հետևանքով 13 վիրավոր տեղափոխվել է «Ալ-Քուդս» հիվանդանոց։ Բժշկական աղբյուրները նրանց վիճակը գնահատել են ծանր։
«Վաֆա» գործակալության հաղորդմամբ՝ Գազայի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի հարակից բնակելի շենքի ուղղությամբ իրականացված հարվածի հետևանքով առնվազն մեկ կին է զոհվել։
Հարավային Գազայում ևս չորս պաղեստինցի, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է տեղահանվածների համար նախատեսված ապաստարանի ուղղությամբ անօդաչու սարքի հարվածի հետևանքով։ Եվս երկու մարդ ծանր վիրավորվել է Դեյր էլ-Բալահից հարավ-արևելք։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել առնվազն 9 զոհվածի մարմին, իսկ հրադադարի հաստատումից հետո զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 1431-ի։ Նույն ժամանակահատվածում վիրավորվել է առնվազն 5026 մարդ։
Ըստ Գազայի առողջապահական պաշտոնյաների՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է առնվազն 74 032 մարդ, ևս 175 142-ը՝ վիրավորվել։
Անի Վարդանյան






















