Armenian text to speach

Ռուսաստանը խոշոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին․ 7 մարդ զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, ամիսների ընթացքում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ ամենախոշոր համակցված հարձակումներից մեկն է իրականացրել։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա, իսկ Կիևում և հարակից շրջաններում արտակարգ հոսանքազրկումներ են իրականացվել։

Կիևում արտակարգ հոսանքազրկումներ են

Ուկրաինայի պետական էներգետիկ համակարգի օպերատոր Ukrenergo-ն հայտնել է, որ հարձակումից հետո արտակարգ հոսանքազրկումներ են սահմանվել Կիևում և դրան հարակից երեք շրջաններում։ Ընկերության տվյալներով՝ սա մայրաքաղաքում առաջին նման միջոցառումն է գարնանից ի վեր։

Կիևում հոսանքազրկումների պատճառով կանգ են առել որոշ տրամվայներ և տրոլեյբուսներ, իսկ քաղաքի ջրամատակարարման համակարգում ճնշումը նվազել է։

Ուկրաինայի վարչապետ Սերգի Կորեցկին հայտարարել է, որ հարվածների հետևանքով վնասվել են էներգետիկ կարևոր օբյեկտներ, այդ թվում՝ էլեկտրակայան։

Հարյուրավոր անօդաչու սարքեր են կիրառվել

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը հարձակման ընթացքում կիրառել է 285 անօդաչու սարք, որոնցից 254-ը, ըստ ուկրաինական կողմի, խոցվել են։

Ուկրաինական կողմը հայտնել է նաև բալիստիկ հրթիռի կիրառման մասին։ Հարվածների հետևանքով կարևոր ենթակառուցվածքներ վնասվել են երկրի հինգ շրջաններում, իսկ ևս հինգ շրջաններում արձանագրվել են այլ վնասներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Կիևի շրջանի էլեկտրակայաններին, Օդեսայի մարզի արդյունաբերական համալիրին և հարավ-արևմուտքում գտնվող Իզմայիլի նավահանգստային ենթակառուցվածքներին։

Ուկրաինան պատրաստվում է ձմռանը

Ուկրաինայի իշխանությունները վերջին ամիսներին պատրաստվում են ձմռանը՝ հաշվի առնելով էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ ռուսական հարձակումների վտանգը։

Վարչապետ Կորեցկին տեղական իշխանություններին հանձնարարել է ստուգել կարևոր օբյեկտների պահուստային էլեկտրամատակարարման համակարգերի պատրաստվածությունը և արագացնել դրանց տեղադրումը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Ռուսաստանը, իր գնահատմամբ, ձմռան մոտենալուն զուգահեռ մեծացնում է ճնշումը խաղաղ բնակչության նկատմամբ։

Ռուսաստանը հերքում է խաղաղ բնակչությանը թիրախավորելու մեղադրանքները։

Դրոններ են հայտնվել նաև Մոլդովայի օդային տարածքում

Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օրվա ընթացքում երեք անօդաչու սարք հատել է երկրի օդային տարածքը։

Միջադեպի ֆոնին ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան և Լեհաստանը բարձրացրել են ռազմական ինքնաթիռներ։ Լեհաստանի Լյուբլինի և Ժեշուվի օդանավակայաններում որոշ ժամանակով դադարեցվել են թռիչքները։

Ռուսական հարձակումների ֆոնին Ուկրաինան նույնպես շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին՝ թիրախավորելով նավթավերամշակման գործարաններ և այլ ենթակառուցվածքներ։

Անի Վարդանյան




Լրահոս