Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությանը պատկանող Արտաքին գործերի նախարարության նախկին շենքը կվերափոխվի բազմաֆունկցիոնալ համալիրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն ու լուսանկարներ է հրապարակվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջում:

Հայեցակարգը մշակվել է աշխարհահռչակ լոնդոնյան ճարտարապետական և դիզայներական «Foster + Partners» ընկերության, ինչպես նաև պատմական շենքերի վերականգնման ոլորտում մեծ փորձառություն ունեցող հայկական «Quadrum Architectural Office» ճարտարապետական գրասենյակի հետ համագործակցությամբ։


«Հաստատմանը նախորդել է շուրջ 18 ամիս տևած սերտ համագործակցությունը ճարտարապետական թիմերի և ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի միջև։ Այդ ընթացքում հայեցակարգը շարունակաբար կատարելագործվել է կառուցողական երկխոսության արդյունքում՝ հաշվի առնելով Խորհրդի առաջարկություններն ու դիտարկումները»,- ասված է հաղորդագրությունում:

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել շենքի ճարտարապետական և պատմական արժեքի, ինչպես նաև նրա առանձնահատուկ ժառանգական տարրերի պահպանման անհրաժեշտությանը։ Հայեցակարգի հաստատմամբ՝ նախագիծն անցնում է զարգացման հաջորդ փուլ։

«Մեր նպատակն է նոր շունչ հաղորդել այս կարևոր նշանակության շինությանը՝ պահպանելով վերջինիս պատմական ինքնությունն ու Հանրապետության հրապարակի հետ ունեցած անմիջական կապը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար»,- նշել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:
Ընդհանուր ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան 150,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում։

«Բարձրորակ ճարտարապետական լուծումների և քաղաքի առավել նշանակալի շենքերից մեկի վերափոխման միջոցով նախագիծը նպատակ ունի դառնալ Երևանի նոր գրավչություններից մեկը և նպաստել քաղաքի՝ որպես միջազգային մշակութային և զբոսաշրջային ուղղության, աճող դիրքի ամրապնդմանը»,- եզրափակվում է հաղորդագրությունը:




























