Armenian text to speach

Ի՞նչ ունեցվածք ունի Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի 2025 թվականի հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունի նա։

Ախվերդյանի հայտարարագրում նշված է 10 անշարժ գույք՝ հողամասեր, բնակարաններ, ավտոկայանատեղիներ և ավտոտնակ։ Գույքերից մի մասը գտնվում է Երևանում, մի մասը՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, իսկ երկուսը՝ Ռուսաստանում։ Գույքերի ձեռքբերման տարիները տարբեր են՝ 1991-ից մինչև 2024 թվականը։

Նրա անվամբ հայտարարագրված է նաև 4 ավտոմեքենա՝ 2023 թվականի Toyota, 2022 թվականի Mitsubishi, 2022 թվականի Mercedes-Benz և 1998 թվականի Opel։

Ախվերդյանը 2025 թվականի սկզբին ունեցել է չորս բանկային ավանդ՝ ընդհանուր 137,350 ԱՄՆ դոլար, որոնցից տարեվերջին երեքը զրոյական են դարձել, իսկ 100,000 ԱՄՆ դոլարի ավանդը պահպանվել է։ Բանկային հաշվի մնացորդը կազմել է 129,193 դրամ։

Նրա կանխիկ դրամական միջոցները տարվա ընթացքում 4,500,000 դրամից նվազել են մինչև 1,500,000 դրամ։

Հայտարարագրում նշված է նաև 2016 թվականին նվիրատվությամբ ստացված 10,000 ԱՄՆ դոլար արժեքով թանկարժեք զարդ։

2025 թվականին Ախվերդյանի հայտարարագրված եկամուտը կազմել է 3,631,185 դրամ, որից 1,247,692 դրամը՝ համայնքապետարանից ստացած աշխատանքի վարձատրությունն է, 763,493 դրամը՝ «Ախթամար Գրուպ»-ից ստացած եկամուտը, իսկ 1,620,000 դրամը՝ նույն ընկերությունից ստացած վարձակալության վճարը։

Նշենք, որ Օնիկ Ախվերդյանը Փարաքար համայնքի ղեկավար է ընտրվել 2025 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ստանալով ավագանու 12 ձայն։ Նա ընտրությունից հետո հայտարարել էր, որ Վալոդյա Գրիգորյանն իր մտերիմ ընկերն է, և ինքը շարունակելու է նրա գործը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս