Armenian text to speach

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերը չեն դադարում․ փակվել է շուրջ 400 դպրոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրում է, որ Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտների բողոքի ցույցերը շարունակվում են։ Երկրի կրթության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 2-ի առավոտյան 564 դպրոցներում արձանագրվել են բողոքի ակցիաներ կամ խափանումներ, իսկ շուրջ 400 դպրոց նախատեսվում էր փակել։

Բողոքի շարժումը սկսվել է նախորդ շաբաթ Փարիզի շրջանում և տարածվել ամբողջ երկրում։ Աշակերտները դժգոհում են ուսումնական ծանրաբեռնվածությունից, դպրոցներում ոչ բավարար պայմաններից, գերտաքացած դասասենյակներից և աշխատակիցների բացակայություններից։ Նրանք նաև պահանջում են դադարեցնել կրթության ոլորտի բյուջետային կրճատումները։

Ուրբաթ օրը Փարիզում երկու դպրոցի մուտքի մոտ հրդեհներ են բռնկվել, իսկ մի շարք քաղաքներում աշակերտները փակել են դպրոցների մուտքերը և բախվել ոստիկանության հետ։ Ոստիկանությունը որոշ դեպքերում կիրառել է արցունքաբեր գազ։

Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեյը հայտարարել է, որ բողոքի շարժումը «ծայրահեղ բռնի խմբերի կողմից պատանդ է վերցվել»։ Նրա խոսքով՝ շարժման մեկնարկից ի վեր վիրավորվել է առնվազն 65 աշխատակից, այդ թվում՝ 40 դպրոցի տնօրեն, շուրջ 170 աշակերտ, իսկ ավելի քան 100 դպրոց լուրջ վնասներ է կրել։

Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինը հայտնել է, որ բողոքի շարժման մեկնարկից ի վեր մոտ 2 հազար մարդ է բերման ենթարկվել, որոնց 90 տոկոսը անչափահասներ են։ Նա նաև նշել է, որ ծնողները կարող են պատասխանատվության ենթարկվել իրենց երեխաների կողմից պատճառված վնասների համար։

Բողոքի ակցիաները քաղաքական արձագանք են ստացել նախագահական ընտրություններից ավելի քան կես տարի առաջ։ Կառավարությունը շարժման կազմակերպման մեջ մեղադրում է ձախ «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությանը, սակայն կուսակցությունը հրապարակայնորեն ներկայացրել է իր դիրքորոշումը։

Անի Վարդանյան




Լրահոս