«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիսի համայնքապետի ընտրությունները իշխանական շրջանակներում առանձնահատուկ արդյունքի են սպասում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում այս ընտրությունների գլխավոր ակնկալիքը ոչ այնքան ընտրապայքարի լարվածությունն է, որքան գործող համայնքապետ, այժմ էլ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի կողմից հնարավորինս բարձր արդյունք ապահովելը։
Մեր տեղեկություններով Առուշանյանը խոստացել է, որ Գորիսում բացառիկ արդյունք է գրանցելու՝ խոսքը շուրջ 80 տոկոս ձայնի մասին է։ Այսինքն՝ իշխանության ներսում, ըստ էության, սպասում են ոչ թե պարզապես հաղթանակի, այլ ցուցանիշի, որը պետք է ապացուցի, թե որքան մեծ է Առուշանյանի իրական ազդեցությունը Գորիսում։
Հատկանշական է, որ այս անգամ Առուշանյանը հանդես է գալիս ՔՊ-ի հետ դաշինքով, և ընտրական ցուցակը գլխավորում է հենց ինքը։ Սա Գորիսում միանշանակ չի ընդունվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքի բնակիչների մի հատվածի մոտ տարակուսանք է առաջացրել այն հանգամանքը, որ Առուշանյանը, որը նախկին ընտրություններում կարողացել էր հաղթել անգամ այն ժամանակ, երբ գտնվում էր կալանքի տակ, այս անգամ ՔՊ-ի հետ է գնում ընտրությունների։
Սակայն իշխանական շրջանակների հաշվարկն այլ է։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում տարբեր փուլերում ուսումնասիրություններ և հարցումներ են իրականացրել՝ հասկանալու համար, թե ով է Գորիսում առավել բարձր վարկանիշ ունեցող թեկնածուն, և արդյունքները, ըստ մեր աղբյուրների, ցույց են տվել, որ Առուշանյանը շարունակում է բարձր աջակցություն ունենալ։
Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ ՔՊ-ում, ըստ մեր տեղեկությունների, որոշել են գնալ Առուշանյանի հետ դաշինքի ճանապարհով՝ չնայած կուսակցության ներսում նրա թեկնածության վերաբերյալ առկա որոշակի դժգոհություններին։
Առուշանյանի հնարավոր բարձր արդյունքի հարցում իշխանական շրջանակները նաև մեկ այլ կարևոր գործոն են հաշվի առնում՝ նրա հոր ազդեցությունը Գորիսում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Առուշանյանի հայրը համայնքում հայտնի և ազդեցիկ անձ է և նախորդ ընտրությունների ժամանակ ևս կարողացել է էական ձայներ ապահովել։ Այս անգամ ևս իշխանության ներսում ակնկալում են, որ այդ գործոնը կարող է աշխատել Առուշանյանի օգտին։
Ուշագրավ է նաև Առուշանյանի վերջին շրջանի հարաբերությունները ՔՊ-ականների հետ։ Մեր տեղեկություններով՝ նա բավականին սերտ հարաբերություններ է հաստատել իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ։ Ավելին՝ Առուշանյանը ներկա է եղել Ալեն Սիմոնյանի օրերս կայացած հարսանիքին, ինչը ևս իշխանական շրջանակներում դիտարկվում է որպես նրա և իշխանական վերնախավի հարաբերությունների ջերմության ցուցիչ։
Այս ամենի ֆոնին Գորիսի ընտրությունը կարող է վերածվել յուրահատուկ քաղաքական թեստի։ Եթե նախկինում Առուշանյանի հաղթանակը ներկայացվում էր որպես իր անձնական քաղաքական ռեսուրսի արդյունք, ապա այս անգամ իշխանությունը կարծես ցանկանում է հասկանալ՝ որքանով է այդ ռեսուրսը կարող աշխատել նաև ՔՊ-ի կողքին։
Կկարողանա՞ արդյոք նա ՔՊ-ի հետ դաշինքով հավաքել մոտ 80 տոկոս ձայն և դրանով ապացուցել, որ Գորիսում իր ազդեցությունը պահպանել է, դեռևս պարզ չէ:
Սոնա Գրիգորյան






















