Armenian text to speach

Ո՞վ է նախարարի նորանշանակ տեղակալ Արամայիս Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ։

ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ով է նորանշանակ պաշտոնյան։

Արամայիս Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի հունիսի 20-ին Արտաշատում։ 2008-2012 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով «Մաքսային գործ» մասնագիտությամբ բակալավրի աստիճան, իսկ 2012-2014 թվականներին նույն բուհում ստացել է մագիստրոսի աստիճան՝ «Հարկային վարչարարություն» մասնագիտությամբ։

Գրիգորյանի աշխատանքային գործունեությունը սկսվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ում, որտեղ 2013-2016 թվականներին աշխատել է որպես բիզնես վարկերի վերլուծաբան։ 2017-2018 թվականներին աշխատել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես վեբ բովանդակության ստեղծող և աշխատարանների ղեկավար։

2018-2019 թվականներին Գրիգորյանը զբաղեցրել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2019-2021 թվականներին աշխատել է «DISQO» ընկերությունում՝ որպես տվյալների վերլուծաբան, իսկ 2021-2022 թվականներին՝ «Sololearn»-ում՝ որպես անալիտիկ ինժեներ։

2022-2023 թվականներին նա աշխատել է Բեռլինում գործող «Alpas AI» ընկերությունում՝ որպես անալիտիկ ինժեներ, իսկ 2023-2026 թվականներին նույն քաղաքում աշխատել է «Enpal» ընկերությունում՝ կրկին որպես անալիտիկ ինժեներ։

Գրիգորյանը մասնագիտացած է տվյալների վերլուծության, տվյալների ինժեներիայի և տվյալների մոդելավորման ոլորտներում։ Մասնագիտական փորձ ունի SQL և Python ծրագրավորման լեզուների, տվյալների մոդելավորման, ETL/ELT գործընթացների և տվյալների վերլուծական ենթակառուցվածքների ոլորտներում։ Աշխատել է նաև Snowflake, BigQuery, PostgreSQL, dbt, Airflow, Docker, Tableau և Looker տեխնոլոգիաների հետ։

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներին։

Ընտանեկան կարգավիճակով՝ ամուսնալուծված է, ունի մեկ դուստր։

Անի Վարդանյան




Լրահոս