Armenian text to speach

Ի՞նչ ունեցվածքով է պաշտոնից հեռանում ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը քիչ առաջ գրել էր, որ Դավիթ Սանամյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Մենք ուսումնասիրել ենք, թե ո՞վ է նա և ի՞նչ ունեցվածքով է հեռանում պաշտոնից։

Դավիթ Սանամյանը ծնվել է 1977 թվականի հուլիսի 6-ին ԼՂԻՄ Հադրութի շրջանի Հադրութ ավանում։ 1998 թվականին ավարտել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտը և նույն տարվանից ծառայության անցել ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև գլխավոր վարչության պետ։

2025 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Սանամյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում։

Անշարժ գույք

Սանամյանի 2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբում նրա անունով անշարժ գույք չի եղել։ Սակայն նոյեմբերի 20-ին նա Կոտայքի մարզի Նաիրի համայնքում 15 մլն դրամով հողամաս է ձեռք բերել։ Տարվա վերջին նրա հայտարարագրում նշված է հենց այդ հողամասը։

Հայտարարագրում տարվա ընթացքում ձեռք բերված կամ տարվա վերջում սեփականության իրավունքով առկա տրանսպորտային միջոց չի նշվել։ Միաժամանակ նշված է, որ 2012 թվականի արտադրության «Toyota» մարդատար ավտոմեքենան Սանամյանը 90 և ավելի օր փաստացի տիրապետել է, սակայն մեքենայի սեփականատիրոջ տվյալները պաշտպանված են։

Դրամական միջոցներ

2025 թվականի սկզբին Սանամյանի երեք բանկային հաշիվներում եղել է ընդհանուր 491,426 դրամ։ Տարվա վերջին հաշիվների մնացորդները կազմել են համապատասխանաբար 2,950,638, 27,420 և 696,681 դրամ, ընդհանուր՝ 3,674,739 դրամ։

Կանխիկ միջոցներից տարվա սկզբին նա ունեցել է 10,500 դոլար, 10,000 եվրո և 14,500,000 դրամ։ Տարվա վերջին կանխիկ գումարը կազմել է 11,000 դոլար, 10,000 եվրո և 7,000,000 դրամ։

Եկամուտ

2025 թվականին Դավիթ Սանամյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 24,213,642 դրամ։ Դրանից 23,379,334 դրամը ՀՀ ԱԱԾ-ից ստացած աշխատանքի վարձատրությունն է, իսկ 834,308 դրամը՝ կենսաթոշակը։

Այսպիսով, Դավիթ Սանամյանը պաշտոնից հեռանում է՝ 2025 թվականին ձեռք բերած 15 մլն դրամ արժողությամբ հողամասով, տարվա վերջին 3,674,739 դրամ բանկային հաշիվների մնացորդով, ինչպես նաև 11,000 դոլար, 10,000 եվրո և 7 մլն դրամ կանխիկ միջոցներով։

Սոնա Գրիգորյան




Լրահոս