Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նախազգուշացրել է տարածաշրջանի այն երկրներին, որոնք իրենց տարածքում հյուրընկալում են ամերիկյան ռազմական ուժերին, որ Իրանի դեմ նոր պատերազմի դեպքում դրա հետևանքները կտարածվեն ամբողջ տարածաշրջանում։
Աբդոլլահին երկուշաբթի հրապարակված ուղերձում հայտարարել է, որ եթե Իրանի դեմ նոր պատերազմ սկսվի, «դրա կրակը կտարածվի բոլորի վրա»։ Նա տարածաշրջանում անապահովության և տնտեսական խնդիրների հիմնական պատճառ է անվանել ամերիկյան զորքերի ներկայությունը։
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի՝ անկախ դրա բնույթից կամ մասշտաբից։
Աբդոլլահին պնդել է, որ Իրանի դեմ նոր պատերազմի հրահրման փորձեր են իրականացվում՝ Իրանի միջուկային զենք ստեղծելու ձգտման վերաբերյալ պնդումների միջոցով։ Նա նաև նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ՝ հայտարարելով, որ Իրանի դեմ որևէ նոր գործողության դեպքում իրանական զինված ուժերը կթիրախավորեն ամերիկյան շահերը։
Իրանի ռազմական ղեկավարն առանձին կոչ է արել միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ), զերծ մնալ Իրանի միջուկային օբյեկտների վերաբերյալ, իր բնորոշմամբ, անհիմն հայտարարություններից։
Անի Վարդանյան




























