Armenian text to speach

Աշոցքում կրկին ընտրական թեժ պայքար է սպասվում․ ինչպես Կարեն Մանուկյանը դարձավ համայնքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում։ Այս համայնքում առաջիկա ընտրությունները հետաքրքիր են նաև գործող համայնքապետ Կարեն Մանուկյանի քաղաքական անցած ճանապարհի համատեքստում։

Հիշեցնենք, որ Աշոցքում 2019 թվականին անցկացված արտահերթ ՏԻՄ ընտրությունները բավականին թեժ էին։ Համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր միանգամից 7 թեկնածու, որոնց թվում էր նաև 2018 թվականին պաշտոնից հրաժարական ներկայացրած Աշոցքի նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Արթուր Ալոյանը։

Թեկնածուների թվում էր նաև Կարեն Մանուկյանը, որը մինչ այդ ՏԻՄ կառավարման ոլորտում որևէ փորձ չուներ։ Ավելին՝ նա մյուս թեկնածուներից առանձնանում էր նաև նրանով, որ քաղաքական գործունեության մեջ աչքի ընկած անցյալ չուներ։ Սակայն, ի վերջո, հենց Մանուկյանն ընտրվեց Աշոցքի համայնքապետ։

Մանուկյանը ծնվել է 1980 թվականին։ Նրա կենսագրության կրթության բաժնում նշված է միայն դպրոցական կրթությունը։ Մամուլում տարիներ շարունակ տեղեկություններ են շրջանառվել, որ նա մտերիմ հարաբերություններ ունի Շիրակի մարզը կարճ ժամանակ ղեկավարած Կարեն Սարուխանյանի հետ։

Կարեն Մանուկյանի՝ համայնքապետ դառնալու պատմությունն ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանքով։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ ընտրություններից առաջ նա շուրջ 10 տարի Հայաստանում չէր բնակվել և արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Նույն աղբյուրների համաձայն՝ հեղափոխությունից առաջ ևս նա գտնվել է արտերկրում, իսկ հետագայում վերադարձել Հայաստան։

2018 թվականի նոյեմբերին Մանուկյանը կրկին վերադարձավ հայրենիք։ Հենց այդ ժամանակ էլ, ըստ հրապարակված տեղեկությունների, նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի առաջարկով նա նշանակվեց Աշոցքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Ընդամենը ամիսներ անց՝ 2019 թվականի փետրվարի 22-ին, Կարեն Մանուկյանը հաղթեց Աշոցքի համայնքապետի ընտրություններում և այդ պաշտոնում շարունակում է պաշտոնավարել մինչ օրս։

Այսպիսով, Աշոցքի համայնքը առաջիկայում կրկին կանգնելու է ընտրության առաջ։ Նոյեմբերի 29-ի ընտրությունները ցույց կտան՝ արդյոք Կարեն Մանուկյանին կհաջողվի պահպանել համայնքի ղեկավարի պաշտոնը, թե այս անգամ Աշոցքում իշխանության համար պայքարը նոր զարգացումներ կունենա։

Աննա Հանյան




Լրահոս