Armenian text to speach

Կրեմլը զգուշացրել է Լիտվային․ ԱՄՆ-ի բազայի կամ միջուկային զենքի տեղակայման դեպքում Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլը զգուշացրել է, որ Լիտվայի կողմից իր տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը վերացնելու որոշումը կարող է տարածաշրջանում լարվածության նոր փուլ առաջացնել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Լիտվայի խորհրդարանը երեքշաբթի նախնական քվեարկությամբ աջակցել է սահմանադրական փոփոխությանը։ Վերջնական ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ևս մեկ քվեարկություն՝ պատգամավորների երկու երրորդի աջակցությամբ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ի առաջատար երկրի՝ ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքը մոտենա Ռուսաստանի սահմաններին, դա Մոսկվան կդիտարկի որպես լարվածության սրման քայլ։

Պեսկովը նույնը նշել է նաև հարևան երկրում միջուկային զենքի հնարավոր տեղակայման վերաբերյալ՝ ընդգծելով, որ նման զարգացումները չեն նպաստի Եվրոպայում կայունությանն ու կանխատեսելիությանը, այլ կհանգեցնեն լարվածության նոր սրման։

Լիտվան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ է և սահմանակից է Ռուսաստանին ու Մոսկվայի դաշնակից Բելառուսին։ ԱՄՆ-ը 2019 թվականից Լիտվայում պահում է շուրջ 1000 զինծառայողից բաղկացած զրահատանկային ստորաբաժանում՝ ռոտացիոն կարգով։

Լիտվայի օրենսդրական փոփոխությունը նախատեսում է վերացնել ավելի քան երեք տասնամյակ առաջ սահմանված արգելքները, որոնք ընդունվել էին Խորհրդային Միությունից երկրի անկախացումից հետո։

Անի Վարդանյան




Լրահոս