Armenian text to speach

Պատժամիջոցների տակ գտնվող տանկերը Հարավային Կորեայից 150 հազար տոննա վառելիք են տեղափոխել Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատժամիջոցների տակ գտնվող տանկերները հուլիս և օգոստոս ամիսներին Հարավային Կորեայից Ռուսաստանի Հեռավոր Արևելք են տեղափոխել ավելի քան 150 հազար տոննա վառելիք՝ համաձայն նավահանգստային գրառումների և նավերի հետևման տվյալների վերլուծության։

«Գարդիանի» տվյալներով՝ յոթ տանկեր 14 ուղերթով հիմնականում դիզելային վառելիք են տեղափոխել։ Դրանցից երեքը գտնվում են Մեծ Բրիտանիայի և ԵՄ պատժամիջոցների տակ։ Որոշ նավեր Ռուսաստանից առաջ որպես վերջնական ուղղություն նշել են Ճապոնիան կամ Սինգապուրը, իսկ մեկ դեպքում վառելիքը տեղափոխվել է մեկ նավից մյուսը՝ ծովում։
Ռուսաստանի վառելիքի ներմուծումն աճել է երկրի նավթավերամշակման ոլորտի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ հունիսին ռուսական նավթավերամշակման արտադրողականությունը նվազել է ավելի քան 20 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին, իսկ դիզելային վառելիքի արտադրությունը՝ գրեթե 30 տոկոսով։
Օգոստոսին Ռուսաստանը ծովային ճանապարհով ներմուծել է 368 հազար տոննա նավթամթերք, որից 112 հազարը՝ Հարավային Կորեայից։

Ռուսաստանը նավթի փոխադրումների համար լայնորեն օգտագործում է, այսպես կոչված, «ստվերային նավատորմը»։ Ծովում նավից նավ բեռների տեղափոխումը օրինական և տարածված պրակտիկա է, սակայն այն կարող է նաև օգտագործվել բեռի ծագումը թաքցնելու և պատժամիջոցներից խուսափելու նպատակով։

Հարավային Կորեայի իշխանությունները չեն մեկնաբանել կոնկրետ բեռնափոխադրումները։ Սեուլը հայտարարել է, որ շարունակում է աջակցել Ուկրաինային և խստորեն կիրառում է Ռուսաստանի նկատմամբ արտահանման վերահսկողությունը։




Լրահոս