«Ժողովուրդ». Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Արգամի Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական գործով։
Հիշեցնենք, որ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հեռու-հեռավոր 2015-2016 թթ. խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է ՀՀ Արարատի մարզի Մարամարաշեն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Զավենի Հակոբյանին՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որը Մարմարաշեն համայնքի օրինական շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 25.990.635 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Այնուհետև 26 միլիոն դրամ է վերականգնել՝ որպես վարույթով պատճառված վնասի մաս:
«Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում
«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։
Մեր տեղեկություններով՝ իշխանության ներսում քննարկվում է այն հանգամանքը, որ իրավապահ և համապատասխան պետական մարմինները մի քանի օր շարունակ տեղեկացված են եղել ադրբեջանցու՝ Հայաստանի տարածք ներթափանցելու մասին, սակայն անհրաժեշտ օպերատիվ քայլեր չեն իրականացվել։ Ավելին՝ բնակչությունը պատշաճ կերպով չի իրազեկվել ստեղծված իրավիճակի մասին, ինչի արդյունքում ադրբեջանցին հայտնվել է գյուղացու բնակարանում։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցի շուրջ օրերս կառավարությունում բավական կոշտ քննարկում է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման ոլորտի և մյուս համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների աշխատանքից և պահանջել է պարզել, թե կոնկրետ ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցու ներթափանցման մասին, ինչու է մի քանի օր շարունակ որևէ արդյունավետ գործողություն չի ձեռնարկվել, և ինչու բնակչությանը ժամանակին չի տեղեկացվել հնարավոր վտանգի մասին։
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ՏԻՄ ընտրությունների քաղաքապետի թեկնածուներին է անձամբ ընտրում եւ մասնակցում ավագանու ցուցակների ձեւավորմանը, այլեւ որոշել է հատ-հատ ստուգել թեկնածուների վարկանիշները։
Տեղեկություն կա, որ քարոզարշավի վերջին նա որոշել է այցելել խնդրահարույց համայնքներ, որպեսզի քաղաքացիների հետ շփումների միջոցով անձամբ հասկանա՝ իրենց թեկնածուն ընդունելի՞ է, թե՞ ոչ։
Ասում են՝ այս լուրերից շատ անհանգիստ են հատկապես մարզպետները եւ տվյալ մարզի-համայնքի ՔՊ-ական պատասխանատուները, որոնք թեկնածուների առաջադրման «քավորներն» են, երաշխավորները, եւ եթե ինչ-որ բան այնպես չլինի, կուժն ու կուլան իրենց գլխին են ջարդվելու։
«Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը
ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ Փաշինյանը ուղիղ ձեւով հրահանգել է թիմակիցներին Հայկ Սարգսյանի թեման չդնել-չվերցնել.
«Մոռանում եք Հայկին, իրա հետ կապված ոչ մի հարց-պատասխան չլսեմ»,-ասում են՝ շատ կոշտ ասել է վերջինս ՔՊ-ականներին։
«Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում
ԱԺ իշխող « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը Նիկոլ Փաշինյանը հրահանգ է իջեցրել՝ քառօրյայի ընթացքում տաք պահել եկեղեցու թեման:
«Պետք եղավ մեր կողմ անցած հոգեւորականներին էլ հրավիրեք ԱԺ, թող ելույթ ունենան, ներսի սպիտակեղենը փռեն ԱԺ ամբիոնից»,- ասում են՝ հրահանգել է վերջինս թիմի ակտիվին»։
























































































